«Այսօր ժողովրդին ի՞նչն է հետաքրքրում, կարո՞ղ է՝ հոթ-դոգն ու բրդուճն է հետաքրքրում». Վահան Բաբայան

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի  նախաձեռնած փակ քննարկմանը՝ հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ ելույթներ էր ունենում, նշում էր, որ Արցախի հարցը լուծվելու է ժողովրդի հետ միասին, և նրանից գաղտնի որևէ որոշում չի կայացվելու։

Ըստ Բաբայանի՝ «Փաշինյանը ասում էր, որ նախկինում Արցախի հարցի հետ կապված գաղտնիքներ են եղել, և նախկին հրեշավոր իշխանությունները գաղտնիքներ են պահել։

Միամիտ ժողովուրդը ծափահարելով ողջունում էր իր սիրելի վարչապետին, որը խոստացել էր, որ այսուհետև բոլոր հարցերը կքննարկեն շարքային քաղաքացու հետ, որը հրապարակում կանգնած՝ շապիկի վրա գրված՝  «Նիկոլը ես եմ», սպասելու է իր ելույթին։ Սակայն դրանից և վերելակային հանդիպումից հետո հարցի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա, ինֆորմացիան գալիս է միայն Ադրբեջանից։ Հասել ենք այն պահին, որ Դանիել Իոաննիսյանը հրավիրում է ԱԳ նախարարին ու նրա հետ փակ ձևաչափով քննարկում Արցախի հարցը։ Այսօր ժողովրդին ի՞նչն է հետաքրքրում, կարո՞ղ է՝ հոթ-դոգն ու բրդուճն է հետաքրքրում, այս հարցերն ո՞վ է տալու վարչապետին, բա ասում էր, որ այլևս գաղտնիք չի լինելու»,- ասաց Վահան Բաբայանը։

Ըստ նրա, այս ամենը դիտարկելով՝ կարելի է ասել, որ միջազգային որոշակի ֆոնդերից հովանավորվող հ/կ-ների հետ կարելի է քննարկել Արցախի հարցը, իսկ հայ հասարակության հետ չի կարելի։ Ուստի հարց է ծագում, թե ՀՀ արտաքին գործերի նախարարին ի՞նչն էր խանգարում մամուլի ասուլիս հրավիրել և հարցի հետ կապված որոշակի շեշտադրումներ ներկայացնել։ Կամ՝ ի՞նչն էր խանգարում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացներ փակ քննարկում, ինչը որոշակի առումներով հասկանալի կլիներ, քան քննարկումը հ/կ-ի հետ, որը Արցախի հետ որևէ առնչություն չունի։

«Այս ամենի վտանգն այնտեղ է, որ երեկ ամբողջ գիշեր կրակել են Տավուշի մարզի ուղղությամբ, երևի առաջինն եմ եղել, որ գրառում եմ արել այդ մասին, որից հետո Պաշտպանության նախարարությունը 30 րոպե հետո նոր հաստատեց լուրը, այսինքն՝ քար լռություն։ Ասենք՝ մարդը կարող է գնալ Վրաստան ու ճանապարհին գնդակոծվել, ու սա տեղի է ունենում ՀՀ-ում։ Բան չունեմ ասելու, նախկինում էլ են նման բաներ եղել, բայց նախկինում որևէ մեկը չէր ասում, որ ուզում են լուծում գտնել, որն ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Նախկինում որևէ մեկը Ալիևային չէր հրավիրում Արցախ մուղամ լսելու։ Հիմա Փաշինյանը տեսավ, թե հարցի լուծման որ տարբերակն է ընդունելի Ադրբեջանի համար, այն տարբերակը, որը տեղի ունեցավ երեկ Տավուշում»,- շեշտեց նա։

ՀՀԿ-ական ավագանու նախկին անդամ Գեորգի Գաբրիելյանն էլ անդրադառնալով օրերս տեղի ունեցած փակ քննարկմանը՝ ասաց, որ Արցախի հարցով այսօրվա իրականության մեջ լուրջ խնդիրներ  կան, մասնավորապես՝ վտանգավոր է այն, որ Արցախի հարցի հետ կապված փակ քննարկում են անցկացնում օտարերկրյա հովանավորչություն ունեցող կազմակերպությունները։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամին այդքան էլ հիմար չէ, նրանք ամեն ինչ տեսնում ու հասկանում են։ Այդքան որ հասարակությանը թունավորում են ու այդքան թույն ու մաղձ ներարկում, այդ ամենի արդյունքում հասարակությունը կորցնում է դիմադրողականությունը և այդ պարագայում վաղը կարո՞ղ է լուրջ ճակատով կանգնել թշնամու դեմ»,- նշեց ավագանու նախկին անդամը։

Տեսանյութեր

Լրահոս