«Եթե ես համարվում եմ վտանգ պետության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք». Ռոբերտ Քոչարյան

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել»,- Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ելույթ ունենալ ստիպել է նիստի ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի խոսքը, թե Քոչարյանը վտանգ է պետականության համար:

«Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ամբողջ պատերազմի ժամանակը ղեկավարել եմ այդ երկիրը, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ, ուղղակի ես եմ գրել այդ երկրի հռչակագիրը, և 1988 թվականից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել՝ ամբողջ շարժման ընթացքում: Եվ առաջին նախագահն եմ այդ հայկական հանրապետության:

Հայաստանում ևս եղել եմ 10 տարի նախագահ: Ասեմ, որ մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքում»,- ասաց Քոչարյանը, ում խոսքն ընդհատվեց դատարանի դահլիճում նիստի կողմերի, ինչպես նաև նիստին հետևող քաղաքացիների միջև վիճաբանությամբ:

«Դատական մի նիստի ժամանակ այդ նույն քաղաքացին երկու տարի առաջ ինձ մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտից մահվան մեջ: Եվ հնչել է դա, և մամուլով է գնացել: Ես ի՞նչ կապ ունեմ այդ կնոջ ինֆարկտից մահվան մեջ,- խոսքը շարունակելով ասաց ՀՀ երկրորդ նախագահը, ու հավելեց,- Կրկնեմ, Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում, և իմ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որտեղ մինչև այսօր մնացել է, չի փոխվել:

Հիմա, եթե այս արդյունքներն ունեցող մարդը պետականության համար համարվում է վտանգ, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն՝ մենք մանկուրտների երկիր ենք: Ուղղակի այսքանը»:

Նշենք, որ մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում: Փոխաբերական իմաստով «մանկուրտ» բառը գործածվում է իր պատմական և ազգային արմատների հետ կապը կորցրած մարդուն բնորոշելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ լսեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ առաջին ատյանի դատարանի նոյեմբերի 7-ի որոշման դեմ բողոքը: Դատավոր Լուսինե Աբգարյանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս