Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:
Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։
Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև կրթական հաստատությունների մասով նախատեսվող կապիտալ ծախսերին, նախակրթարանների գործունեությանը: Նշվել է, որ նախակրթարանում երեխան օրվա ընթացքում գտնվում է ընդամենը 4-5 ժամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով նախակրթարանների մասին՝ նշել է, որ դրանց միջոցով պետությունը պետք է կարողանա ծնողների համար ստեղծել լայն հնարավորություններ՝ աշխատելու համար, իսկ երեխաներն արդեն իսկ նախակրթարաններում պետք է սկսեն կրթական պրոցեսը, մտնեն կրթական գործընթացի մեջ: «Պետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, որպեսզի մարդուն օժտենք մաքսիմալ հմտություններով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Անդրադարձ է կատարվել մշակույթի, մասնավորապես, թանգարանների, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների գործունեությանը, վերջիններիս գործունեության ակտիվացմանը: Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը՝ այդ թվում սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացի պետական միջոցներից ներգրավվել նաև այլ ֆինանսներ և ուղղել սեփական գործունեության ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ պատասխանատուները նշել են, որ վերջին տարվա ընթացքում պետության կողմից հատկացված միջոցների արդյունքում նորագույն սարքավորումներով են վերազինվել շուրջ երկու տասնյակ լաբորատորիաներ: 2020 թվականին գիտությանը հատկացվելիք միջոցներն աճելու են 17 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դրամի, ինչն աննախադեպ ծավալ է մինչ այժմ կատարված հատկացումների համեմատ: Նշված միջոցներից 510 մլն դրամն ուղղվելու է կրկին լաբորատորիաների վերազինմանը: 2020-ին նախատեսվում է գիտական հիմնարկների գործունեությունը գնահատելու նպատակով ներդնել կոնկրետ չափանիշներ:
Սպորտի ոլորտին հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քան 4 մլրդ դրամ և դրա շրջանակում նախատեսվում են երեք տասնյակ միջոցառումներ:
Տեղեկացվել է նաև, որ գերատեսչությունում շարունակվում է ծառայողական ավտոպարկի օպտիմալացման գործընթացը. 19 ծառայողական ավտոմեքենայից այժմ նախարարության տրամադրության ներքո է շարունակում մնալ 8-ը:
Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ օպտիմալացման աշխատանքների իրականացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ: