«Տարեսկզբից աղաղակեցինք, գոչեցինք, պահանջեցինք և առաջարկեցինք, սակայն ոչնչի չհասանք». Վահագն Սահակյան
«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ 2019 թվականը բարենպաստ չէր ոլորտի համար:
«Տարեսկզբից աղաղակեցինք, գոչեցինք, պահանջեցինք և առաջարկեցինք, սակայն ոչնչի չհասանք: Տաքսի ավտոմեքենաների լիցենզավորման մասին օրենքն այդպես էլ մնաց թղթին գրված, մինչդեռ 2006 թվականից ի վեր արդեն 18.000 մեքենա ստացել էր լիցենզիա, տաքսի ծառայություն մատուցելու իրավունք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Սահակյանը:
«Լիցենզավորումը դա իրավունք է, որը ձեռք է բերվում ուղևոր տեղափոխելու համար: Այսինքն, առաջին հերթին՝ անվտանգության խնդիր է: Այն դեռ վճարում չի ենթադրում: Լիցենզավորման գործընթացի ժամանակ ստուգում են մեքենայի տեխնիկական վիճակը, վարորդի առողջականը, վարորդական հմտությունը, ինչպես նաև՝ գրանցվա՞ծ է ինչ-որ դիսպանսերներում, թե՞ ոչ, արդյո՞ք մարդը վարելու և ուղևոր տեղափոխելու իրավունք ունի, թե՞ ոչ:
Որպես ուղևոր՝ պետք է վստահ լինենք, որ մեր պատվիրած կամ դրսից պատահական կանգնեցրած մեքենան, որը տաքսի ծառայություն է մատուցում, պետությունը վերահսկում է, նախօրոք ստուգել է վարորդին, ավտոմեքենան և թույլ է տվել ուղևոր տեղափոխել: Սա է խնդիրը, որին ամբողջ տարվա ընթացքում հասնել չկարողացանք: Պարզից էլ պարզ է, որ դա առաջին հերթին՝ ձեռնտու է մեծ ընկերություններին, որոնք առցանց հարթակում են գործում: Նրանք պատվերն ընդունում-վաճառում են, ստացած եկամուտներից հարկերը վճարում են, բայց ով կատարում է պատվերը, մեքենան չունի լիցենզիա, ոչինչ չի վճարում պետությանը, և այստեղ խնդիր է առաջանում անհատ վարորդների և տաքսի ծառայությունների տարանջատումը»,- մանրամասնեց «Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահը:
Նրա խոսքով՝ լիցենզավորումը դադարեցվել է այն օրվանից, երբ Yandex տաքսի ընկերությունն առաջին անգամ հայտնվեց հայաստանյան շուկայում՝ 3-4 տարի առաջ: