«Չնայած պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում». Հասան Ռոհանի
Թեհրանը ներկայում ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի փորձարկումներ է իրականացնում: Այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը գտնվում է Մալայզիայում։
«Չնայած պատժամիջոցներին եւ տնտեսական ճնշմանը, մենք առաջ ենք շարժվում միջուկային ոլորտում: Այսօրվա դրությամբ մեզ մոտ աշխատում են IR-6 նոր ցենտրիֆուգները, IR-9 ցենտրիֆուգները փորձարկումներ են անցնում»,-ասել է Ռոհանին, որի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ հայտարարել է, որ ուրանի հարստացման IR-9 նորագույն ցենտրիֆուգի հզորությունը, որի վրա աշխատում է Իրանը, 50 անգամ ավելի մեծ է IR-1 հիմնական ցենտրիֆուգից:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, հայտնել է, որ Իրանի միջուկային օբյեկտներում արդեն տեղակայված են IR-9 տիպի ցենտրիֆուգներ, ինչպես նաեւ մի շարք ուրիշներ, որոնք նախատեսված չեն միջուկային գործարքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: