Բաժիններ՝

Իշխանություններն արգելել են բոլոր բազմամարդ հավաքները Նյու Դելիի հյուսիսարեւելյան շրջանում

Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարեւելյան շրջանում, որտեղ նախօրյակին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, այդ միջոցն ընդունվել է հնարավոր նոր ելույթները կանխելու նպատակով:

Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված նաեւ քաղաքի այլ շրջաններում: Ոստիկանության ուժեղացված կարգախմբերը հերթապահում են խաչմերուկներում եւ հրապարակներում: Դեկտեմբերի 17-ին մոտավորապես երկու հազար բողոքողներից բաղկացած բազմությունը ոստիկանության հետ բախումներ է սկսել Նյու Դելիի Սիլամպուր հյուսիսարեւելյան շրջանում: Բողոքավորները փորձել են անցնել քաղաքի կենտրոն, բայց նրանց կանգնեցրել են ոստիկանները: Ակցիայի մասնակիցներն սկսել են քարեր ու փայտեր նետել իրավապահների վրա, ի պատասխան ոստիկանությունը գործի է դրել մահակներ ու արցունքաբեր գազ:

Ինչպես ավելի վաղ մամուլին հայտնել է Դելիի ոստիկանության կոմիսար Ալոկ Կումարը, անկարգությունների ընթացքում ջարդուփշուր է արվել քաղաքային ու ոստիկանական երկու ավտոբուս, ինչպես նաեւ մի քանի մոտոցիկլետ ու մոպեդ: Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում:

Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը եւ կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաեւ երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս