Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ
Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
Ինչպես հաղորդում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է խնամյալների իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ: Մասնավորապես, ուսումնասիրվել են կենցաղային ու շենքային պայմանները, տրամադրվող սնունդը, սոցիալական ծառայությունների որակը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը: Հաստատության ղեկավարության և խնամյալների հետ քննարկվել են նաև անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները:
Այցի արդյունքում վեր են հանվել տուն-ինտերնատում առկա մի շարք խնդիրներ, ինչպես նաև որոշ խնամյալների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնց լուծման նպատակով Պաշտպանը հանդես կգա կոնկրետ գործողություններով ու առաջարկություններով:
Պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ տարեցների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության համար: