«Խորհուրդ կտամ նայել երեկվա ելույթս և հասկանալ, թե ինչից սկսվեց այս ամենը». Թեհմինա Վարդանյանը՝ Դավիթ Խաժակյանին ավագանիից հետ կանչելու մասին

«Հանրապետություն» կուսակցությունն այսօր իր գրասենյակում հրավիրել էր հերթական նիստը, որի ժամանակ անդրադարձան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու վերաբերյալ հարցին, որի հետ կապված այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այդ ամենը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկուսակցական խնդիրն է, և կուսակցությունն է որոշում՝ իր ավագանու անդամին թողնո՞ւմ է ավագանիում, թե՞ հետ է կանչում։ Սա մեր մեկնաբանելու հարցը չէ, մենք հարգում ենք կուսակցության որոշումները»,- կուսակցության նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ավագանու երեկվա նիստը բաց է եղել բոլորի առջև, որից հետո խմբակցության բոլոր անդամները միմյանցից բաժանվել են գոհ՝ իրենց ելույթների և վարքագծի առումով։

Թեհիմա Վարդանյանի խոսքով՝ «Լույս» խմբակցության ներսում բազմիցս քննարկումներ եղել են, և բոլորն էլ հավասարապես կիսել են պատասխանատվություն՝ խմբակցության գործունեության հետ կապված։

«Մեզ համար անակնկալ էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասուլիսն ու այնտեղ եղած հայտարարությունները, դրա մասին իմացել ենք մամուլից։ Ինչ վերաբերում է ելույթներին, ապա անձնավորված որևէ բան չկա, իսկ ավագանու նիստում իմ ելույթը փոխկապակցված էր քաղաքապետի խոսքի հետ, ինչը բնական աշխատանքային պրոցես է։ Չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել»,- շեշտեց նա։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը ԼՀԿ-ի կուսակցական խնդիրն է, և իրեն թույլ չի տալիս մտնել նրանց դաշտ։ Իսկ Դավիթ Խաժակյանի հետ, ըստ նրա՝ միշտ ունեցել են գործընկերային հարաբերություններ, որևէ խնդիր չեն ունեցել և կշարունակեն աշխատել նրա հետ, եթե Խաժակյանը մանդատը վայր չդնի։

«Այն հայտարությունները, որոնք անում է ԼՀԿ-ն, պետք է նաև դրանց համար պատասխանատվություն կրի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ ավագանիում իրենք չեն կարողանում վերհսկել իրավիճակը, Թեհմինա Վարդանյանը նկատեց՝ իրավիճակը վերահսկելու խնդիր բացարձակ չի տեսնում, քանի որ ավագանիում ինչ տեղի է ունենում՝ բնական աշխատանքային գործընթաց է։

Դիտարկմանը, որ շատերն իրեն մեղադրում են, քանի որ ավագանիում իր ելույթից հետո է իրավիճակը թեժացել, նա ասաց. «Շատերին խորհուրդ կտամ նայել երեկվա ելույթս և հասկանալ, թե ինչից այս ամենը սկսվեց»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս