«Մեկ ամսում չենք կարող զինվոր պատրաստել, որ պատերազմի ժամանակ զենք վերցնի». Ավթանդիլյան
Դեկտեմբերի 16-ից մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որը կտևի մինչև 2020թ. հունվարի 31-ը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը նշեց, որ զորակոչն ընթանում է բնականոն հունով:
«Առաջին փուլը կավարտվի դեկտեմբերի 28-ին, այնուհետ սկսում ենք հունվարի 8-ին և ավարտում հունվարի 31-ին: Գործընթացը գնում է նորմալ, ոչ մի խնդիր չկա: Ավելին, հետախուզվողներ ունեինք, որոնք վերադարձել են՝ մինչև 27 տարեկան: Զորակոչը նոր ենք սկսել, բայց արդեն 4 հոգի վերադարձել է»,- մանրամասնեց Արմեն Ավթանդիլյանը:
Մեր խնդրանքով ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած արագացված զինծառայության մասին օրինագծին, ըստ որի՝ վճարելով 10 միլիոն դրամ, քաղաքացին ազատվում է երկու տարվա պարտադիր զինծառայության պարտավորությունից` ծառայելով ընդամենը մեկ ամիս:
«Մեկ ամսում ինքը չի կարող զինվորական դառնալ, երբ պահեստազորում մինչև 50 տարեկանը մնալու է: Աստված չանի, պատերազմի դեպքում ինքը զենքը պիտի վերցնի և գնա սահման պաշտպանելու: Իսկ մեկ ամսում մենք չենք կարող նման զինվոր պատրաստել»,- արձագանքեց Արմեն Ավթանդիլյանը: