Մովսես Հակոբյանն Ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողովից հրավեր չի ստացել
«Գուշակություններ են: Դա կարող է միայն ասել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով պատերազմի, այդ թվում՝ Նախիջևանի հատվածում հնարավոր լայնամասշտաբ գործողությունների վերսկսման, կանխատեսումների մասին հարցին:
Մովսես Հակոբյանն ընդգծեց՝ Ադրբեջանի քաղաքականության և հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, ռազմատենչություն միշտ է եղել:
Մեր հարցին, թե ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում հնարավո՞ր չէ, Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես այդ հարցերով չեմ զբաղվում»:
Մ. Հակոբյանից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է նպատակահարմար Ապրիլյան դեպքերը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը, ի՞նչ է դա տալու, ի՞նչ հարցեր են մնացել, որոնք դեռ չեն հասցրել քննարկվել: Նա սահմանափակվեց՝ ասելով. «Ես հանձնաժողովի անդամ չեմ»:
Հաջորդող հարցին, թե՝ Ձեզ հրավիրե՞լ են հանձնաժողովից, Ձեր կարծիքը հարցրե՞լ են, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետն արձագանքեց. «Չեն հարցրել: Հրավեր չեմ ստացել»:
Իսկ թե որքանո՞վ է գործառույթների փոփոխություն տեղի ունեցել, երբ լուծարվեց Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը, և արդեն ՊՆ-ի ենթակայության տակ ստեղծվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, որը ղեկավարում է, Մովսես Հակոբյանը վստահեցրեց՝ ոչ մի փոփոխություն, անձնակազմն էլ չի շատացել, ինչպես գրում էր մամուլը՝ նշելով, թե 3-ից անձնակազմը դարձել է 8 հոգանոց:
«Նման բան չկա»,- շեշտեց Մովսես Հակոբյանը: