Բաժիններ՝

Հարավային Սուդանում համաձայնության են եկել ազգային միասնության կառավարություն կազմելու շուրջ. Reuters

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ զինված ընդդիմության առաջնորդ Ռիեկ Մաշարի հետ համաձայնության է հասել ազգային միասնության կառավարություն ստեղծելու շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Դեկտեմբերի 13-ին Մաշարը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբու էր ժամանել Հարթումից: Հաջորդ բոլոր օրերին Կիիրը եւ Մաշարը ինտենսիվ բանակցություններ Էին վարում՝ նպատակ ունենալով փոխզիջում գտնել երկու կարեւորագույն հարցի՝ երկրի նոր վարչական բաժանման եւ պետական ռազմական կառույցներում ընդդիմության զինված ջոկատների ինտեգրացման շուրջ:

Այժմ, Հարավային Սուդանի նախագահի խոսքով, անհրաժեշտ լուծումները գտնվել են, եւ առաջիկա փետրվարին կոալիցիոն կառավարության ստեղծման տանող ճանապարհը բաց է: 2018 թվականի սեպտեմբերին Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը եւ զինված ապստամբների առաջնորդ Ռիեկ Մաշարը Եթովպիայում ստորագրել էին հաշտության համաձայնագիր, որի համաձայն, ապստամբները դադարեցնում են կրակը, իսկ Մաշարը վերականգնվում է երկրի փոխնախագահի պաշտոնում:

Միաժամանակ պետք է ձեւավորվեր երկրի նոր կառավարություն՝ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ նախկին ապստամբների մի մասը պետք է ինտեգրվեր կառավարության զինված ուժերում: Սակայն գրեթե անմիջապես ի հայտ եկան համաձայնագրի իրագործման հետ կապված դժվարություններ: Այսպես, նոր կառավարության ձեւավորման սկզբնական ժամկետը՝ 2019 թվականի մայիսի 12-ը, չպահպանվեց: Լրացուցիչ համաձայնագրով նշանակվել էր նոր ամսաթիվ՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ը: Բայց նոյեմբերի 7-ին կայացած առերես հանդիպման ընթացքում Կիիրը եւ Մաշարը պայմանավորվեցին ազգային միասնության կառավարության ձեւավորման ժամկետը երկարացնել եւս 100 օրով՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի երկրորդ կեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս