«Վարչապետի հնչեցրած արտահայտությունները կարելի է որակել՝ որպես քաղաքական անհանդուրժողականություն». Արա Ղազարյան

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ձևավորվեց աշխատանքային խումբ՝ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ով հարցի հիմնական զեկուցողն էր, նշեց, որ աշխատանքային խումբը կգործի վեց ամիս, իսկ հետո բոլոր արդյունքները կներկայացնեն հանձնաժողովին։ Լրագրողներն իշխանական պատգամավորից հետաքրքրվեցին, թե  երբ վարչապետն ասում է, որ «կփռի ասֆալտին», դա ատելության խո՞սք է:

Նա ասաց, որ վարչապետի կողմից հնչեցրած «ասֆալտին փռել» արտահայտությունն ատելության խոսք չէ, քանի որ այն պարբերական բնույթ չի կրում։

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ատելության խոսքի դեմ ուղղված օրենսդրական բարեփոխումներին՝ նշեց, որ 2016 թվականի հունիսին, երբ «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, ատելության խոսքը ոչ միայն ազատորեն հնչում էր, այլև տարածվում էր։

«Ատելության խոսքի դեմն առնելու առիթը կար, բայց օրենք չկար, չկար նաև մտածելակերպ, քանի որ ինչ-որ մեկի մտքով կարող է անցել, զենքով մտնել ոստիկան սպանել, ու նրան հերոս հռչակեին։ Նման տխուր իրողությունից ելնելով՝ հարկավոր է այդ բարեփոխումներն իրականացնել։ Չեմ կարծում, որ այս նախագիծն ուղղված է միայն խոցելի խմբերին»,- ասաց Արա Ղազարյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից հնչեցրած՝ «փռել ասֆալտին» կամ «ծեփել պատին» արտահայտություններին, ապա Արա Ղազարյանը նկատեց՝ ատելության խոսքի համար ամենակարևորը դիտավորությունն ու շարժառիթն է, իսկ վարչապետի հնչեցրած արտահայտությունները կարելի է որակել՝ որպես քաղաքական անհանդուրժողականություն, որի առկայությունը քաղաքականության մեջ կրկին շատ վատ է՝ անկախ այն հանգամանքից՝ դա արվում է իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմից։

«Միջազգային իրավունքում կա նման ձևաչափ, որը սահմանում է, թե ինչն է ատելության խոսքը, կարելի է դրանից օգտվել։ Հարկավոր է ամրագրել երկու կարևոր տարր՝ արարքը և շարժառիթը։ Իհարկե, մենք այսօր ունենք օրենք, բայց այն այնքան թույլ է, որը պետք է բարելավել։ Բավականին լավ լուծումներ տալիս է նոր քրեական օրենսգիրքը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Համեմատելով ատելության մթնոլորտն այսօր և նախկինում՝ Արա Ղազարյանը նկատեց, որ այսօր ավելի է շատացել ատելության և վիրավորանքի խոսքի մեջտեղում ընկած խոսքը՝ տրոլինգը։

Ըստ նրա՝ շատացել են անանուն վիրավորանքները, «ֆեյքերը»։

«Եթե դիտարկենք, որ տրոլինգն ատելության խոսք է, այսինքն՝ երբ ինչ-որ մեկին թիրախավորում են, հստակ վիրավորում, ապա այն մեծ չափերի է հասել։ Իսկ եթե ատելության խոսքը դիտարկենք քրեաիրավական որակումով, ապա չէի ասի, որ ատելության խոսքը մեծ չափերի է հասել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի հունիսին, երբ փառաբանվում էին այն մարդիկ, որոնք ոստիկան էին սպանել, անսպասելի էր»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս