Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միավորել ջանքերը միգրանտներին օգնելու համար

Համաշխարհային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը միգրանտներին ու փախստականներին օգնելու համար: Այդ մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Ժնեւում ելույթ ունենալով փախստականների հարցերին նվիրված գլոբալ համաժողովի բացմանը։

«70 միլիոնից ավելի մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները, ներառյալ 25 մլն փախստականներ: ՄԱԿ-ի փախստականների գործերի վարչությունը «ռեկորդային բարձր» է համարել այս թվերը: Այսօր, ավելի քան երբեւԷ, մեզ անհրաժեշտ են միջազգային համագործակցություն եւ խնդրի լուծման գործնական արդյունավետ մեթոդներ»,-ասել է նա:

Գուտերիշը հիշեցրել է, որ ներկայում փախստականների ու վերաբնակված անձանց մեծամասնությանն ընդունում են զարգացող երկրներն ու պետությունները՝ բնակչության եկամտի միջին մակարդակով: Նրանց միջազգային աջակցություն է անհրաժեշտ ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ մարդկանց գործնական օգնություն ցուցաբերելով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ փախստականների հարցերին նվիրված գլոբալ համաժողովի նպատակը հիմքերի ամրապնդումն է փախստականների վերաբերյալ 2018 թվականի դեկտեմբերին Նյու Յորքէում ՄԱԿ-ի կողմից հաստատված գլոբալ պայմանագրի իրագործման համար:
Փախստականների հարցերին նվիրված գլոբալ համաժողովը Ժնեւում ընթանում է դեկտեմբերի 16-19-ին: Բարձր մակարդակի նստաշրջանի պաշտոնական բացումը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Ինչպես սպասվում է, համաժողովում կքննարկվեն պատասխանատվության բեռի բաշխման մեխանիզմներին, փախստականների կրթության ապահովմանն ու աշխատանքի տեղավորմանը, նրանց պաշտպանություն, գոյամիջոցներ տրամադրելուն եւ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծմանը վերաբերող հարցեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս