Բաժիններ՝

Հնդկաստանում ուսանողական բողոքներն ավելի քան 35 բուհ են ընդգրկել. The Times of India

Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է The Times of India թերթը։
Հրատարակության տվյալներով՝ բողոքում են այնպիսի բուհերի ուսանողներ, ինչպիսիք են Բոմբեյի հնդկական տեխնոլոգիական ինստիտուտը Մումբայում, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը Չեննայում, Լակհնաուի , Բենարեսի, Կոչինի, Կալկաթայի համալսարանները: Դրանցից շատերում պարապմունքները դադարեցված են:

Ուսանողները պահանջում են չեղարկել քաղաքացիության մասին, իրենց կարծիքով, անարդարացի օրենքը, ինչպես նաեւ համերաշխություն են հայտնում Նյու Դելիի Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանի եւ Ալիգարխի մուսուլմանական համալսարանի (Ութար Փրադեշի նահանգ) ուսանողների հետ, որոնք դեկտեմբերի 16-ին փակվել են մինչեւ հունվարի 5-ը այն բանից հետո, երբ այդ բուհերի ուսանողները բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպեցին, որոնք վերաճեցին անկարգությունների:

Ավելի վաղ թերթը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, հայտնել էր, որ ավելի քան 50 մարդ է վերքեր ու վնասվածքներ ստացել անկարգությունների եւ ոստիկանության հետ ուսանողների բախումների ընթացքում, որոնք Նյու Դելիի մի շարք շրջաններում շարունակվել են դեկտեմբերի 15-ի երեկոյան եւ լույս 16-ի գիշերը:

NDTV հեռուստաալիքը նախօրյակին հայտնել է, որ Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել Համացանցից օգտվելը սահմանափակել երկրի հյուսիսի եւ հյուսիս-արեւելքի մի շարք տարածաշրջանների բնակիչների համար՝ կապված լույս դեկտեմբերի 16-ի գիշերը քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի շուրջ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ:

Այդ տեղեկատվության համաձայն, սահմանափակումները վերաբերել են Ութար Փրադեշի, Արեւմտյան Բենգալիայի, Ասամի նահանգներին, ինչպես նաեւ Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգին:
Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում:

Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը եւ կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաեւ երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս