«Ադրբեջանը սահմանում է իր «կարմիր գծերը», ինձ անհանգստացնում է Հայստանի «կարմիր գծերի» բացակայությունը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ Արցախյան բանակցային գործընթացի առնչությամբ մարդկանց մոտ կա որոշակի տագնապ՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք Հայաստանո՞ւմ են բնակվում, թե՞ Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ տագնապի համար հիմք է հանդիսացել այն, որ  ՀՀ իշխանությունները չունեն ռազմավարություն։

«Ի՞նչ է տեղի ունենում, Ադրբեջանը 1994 թվականից այս կողմ վարում է Հայաստանի սպառման քաղաքականություն, իսկ ներկայումս անցել է դրա կուլմինացիային՝սպառել բանակցային գործընթացը։ Բրատիսլավայում որոշակի գիծ նշմարվեց, և արտգործնախարարների հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանը հրապարակեց իր «կարմիր գիծը», դա հուշագիր էր՝ իրականում վերջնագրի տեսքով, դա վերջնագիր էր, որին ՀՀ իշխանությունը պետք է անմիջապես արձագանքեր։ Դրանից հետո Հայաստանը պետք է սահմաներ իր «կարմիր գիծը»՝ ցույց տալու, որ Հայաստանի ու Արցախի հետ վերջնագրի լեզով խոսել ուղղակի չի կարելի, քանի որ դա ազգային արժանապատվության խնդիր է։ Մինչդեռ մեր իշխանության մոտ արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի ջինսերով քաղաքապետարան մտնելու հարցում»,-այսօր «Ադեկվադ» միաբանության  Արցախի հարցի շուրջ հրավիրած քննարկման ժամանակ ասաց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա՝ բանակցային  գործընթացը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար Ադրբեջանը փաստացի գնում է կոնկրետ քայլերի, ուստի այդ առումով Հայաստանի իշխանությունները գուցե այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը, և իրավիճակից ելնելով՝ կոնկրետ քայլեր փաստացի չեն իրականացնում։

«Ինչո՞ւ մեր իշխանությունը չի հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու, դա գոնե կլինի այն գիծը, որ այս ժողովուրդը վստահ կլինի, որ իշխանությունն այդ գծից այն կողմ չի անցնի»,- շեշտեց Արթուր Ղազինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս