«Այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում իրար»․ Անդրանիկ Միհրանյան
«ՌԴ իշխանությունների շրջանում սպասողական վիճակ է»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տեղի չի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան։
Միհրանյանն ասաց, որ Ռուսաստանում սպասողական իրավիճակ է, որովհետև ՌԴ իշխանությունները չգիտեն՝ այս մարդիկ ով են, որտեղից են եկել, ուր են գնում, ինչպիսի մտքեր ունեն, որովհետև ֆորմալ հայտարարություններն ու խոսքերը մի բան են, իսկ իրականությունն այլ բան է։
«Մոսկվայից էլ սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչքանով այս մարդիկ համոզված են, որ Ռուսաստանն իսկապես հարազատ, բարեկամ է, ռազմավարական գործընկեր, և որքանով է Հայաստանը պատրաստ կատարել իր դերը նույն կեցվածքով։ Դա հասկանալի է, քանի որ այս մարդիկ ունեն իրենց անցյալը, և անցյալն ու այսօրվա իրենց խոսքերը չեն համապատասխանում միմյանց, ուստի դրա համար կա այսպիսի իրավիճակ»,- ասաց Միհրանյանը։
Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունների շրջանում անվստահություն կա ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Միհրանյանի դիտարկումների համաձայն՝ մեծ պետություններում քաղաքականությամբ զբաղվում են լուրջ մարդիկ։ «Հիմարներ ու հրապուրվողներ չկան»,- ասաց նա։ Միհրանյանը հրաժարվեց պատասխանել մի շարք այլ հարցերի։ Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով։