«ԱԳՆ-ն չի արձագանքում աշխարհի տարբեր կառույցներին ուղղված աշխարհի տարբեր ՀԿ-ների նամակներին». Աննա Նաղդալյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ «երկու օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել»՝ անհապաղ հրավիրելով ԱԺ-ի և ԱԳՆ-ի ուշադրությունը:
168.am-ը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ ի՞նչ է արվում այս վտանգավոր ադրբեջանական թեզի տարածումը կանխելու համար, տպավորություն է, որ միջազգային հանրության կողմից սա ընկալվում է:
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ ինքն ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարն է, ուստի նախ ԱԳՆ-ին պիտի պատասխան քայլերի և անելիքների մասին հարցնել:
«Ես իմ մասով բոլոր այն հարթակներին, որոնց մասնակցում եմ, բնականաբար, դրան հակահարված կտամ: Այսօր էլ Մամեդյարովին եմ պատասխանել, բայց ասածս այն է, որ նախ իշխանությունը պիտի դրա դեմ պատասխան քայլեր ունենա: Պետք է իրենց հարցնեք և տեսնեք, թե ինչ են անում»,- նշեց քաղաքական գործիչը:
Իր հերթին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքում աշխարհի տարբեր կառույցներին ուղղված աշխարհի տարբեր ՀԿ-ների նամակներին։ Մենք ունենք զարգացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի միջազգային տարբեր կառույցների հետ շփման ձևերը»: