Բաժիններ՝

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը

Այս տարի դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը, ով Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից է:

Լինելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին, ծնված լինելով Մծբին քաղաքում և փրկվելով իր տոհմի կոտորածից՝ լինում է Կեսարիայում, Պարսկաստանում: Ապրելով արքունիքում ու ունենալով հնարավորություն օգտվելու կյանքի նյութական բարիքներից՝ Սուրբ Հակոբն, այնուամենայնիվ, ընտրում է ճգնավորական կյանքը՝ բռնելով հագևորականի ուղին: Ապա վերադառնալով Մծբին` հանդիպում է Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից էլ լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը` տապանը տեսնելու և իր հետ մի մասնիկ բերելու: Սակայն չկարողանալով հասնել Արարատի գագաթը՝ երկար տանջվելուց և աղոթելուց հետո ննջում է: Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և տապանից մի մասունք դնում գլխի տակ. «Պետք չէ, որ որևէ մեկը տեսնի տապանը: Համաձայն քո փափագի`վերցրու՛ տախտակը և գնա՛ քո տունը»,- ասում է նա:

Ըստ ավանդության, Սուրբ Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխում՝ բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվում: Նոյյան տապանի այդ մասունքը մինչ այսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այն անփուտ փայտից է և դարերի ընթացքում չի քայքայվել:

Սուրբ Հակոբին կոչում էին նաև «Սքանչելագործ»՝ կատարած հրաշքների համար:

Մի օր Սուրբ Հակոբը մոտենում է մի գետի, որի մոտ աշխատում էին գյուղացիներ: Երբ գյուղացիներից խնդրում է ցույց տալ գետի հունը, նրանք պատասխանում են՝ դու ճգնավոր ես, ջրի վրայով անցիր: Սուրբ Հակոբը հանում է իր վերարկուն, գցում ջրի վրա և դրա վրայով քայլելով՝ անցնում գետը: Սա նրա գործած առաջին հրաշքն էր:

Իսկ երբ պարսից Շապուհ արքան զորքով արշավում է Մծբին քաղաքի վրա, Սուրբ Հակոբն աղոթում է Աստծուն, փրկություն խնդրում: Մոծակների և միջատների հսկայական պարս է թափվում պարսից զորքի վրա՝ աղոթքին ի պատասխան: Զորքը նահանջում է, իսկ բնակիչները, տեսնելով հրաշքը, փառք են տալիս Աստծուն:

Երբ վախճանվում է Մծբինի եպիսկոպոսը, Սուրբ Հակոբն ընտրվում է եպիսկոպոս՝ ստանձնելով Մծբինի առաջնորդությունը: Մասնակցություն է ունենում նաև 325 թվականին Նիկիայի Ա Տիեզերական ժողովին:
Սուրբ Հակոբ Մծբնեցին մեծ դեր ունի քրիստոնեության զորացման գործում: Նա մնացել է հաստատ իր հավատքում՝ գտնվելով իր երկրից դուրս, ապրելով այլ մշակույթներ ունեցող հասարակություններում: Քարոզել ու դարձի է բերել շատերին, գործել հրաշքներ՝ Աստծո զորությամբ ու օգնությամբ՝ ցուցադրելով մարդկանց, որ Աստված իսկապես նրանցից յուրաքանչյուրի հետ է, նրանց մեջ է և օգնում է նրանց:

Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրվա առթիվ Արարատյան Հայրապետական թեմի՝ Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում հավատավորները հնարավորություն կունենան տեսնել և հաղորդակից լինել սրբի մասունքին:

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս