ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման և արդարության վերականգնման նկատմամբ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել
Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի որդեգրմանը հաջորդեց երեկ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձեւի ընդունումը՝ միաձայնությամբ։
Ցեղասպանությունների կանխարգելման եւ արդարության նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադեպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմության ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանության հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու հանձնառությունը ցեղասպանությունների կանխման եւ արդարության վերականգնման նկատմամբ։
Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ գործած ոճրին տրվում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններն ու ցեղասպանությունները եւ ժխտողական քաղաքականություն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարությունը։
Անվիճելի փաստ է, որ այս հաղթանակը հատկապես արդյունք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցի, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների երկար տարիների համառ, հետեւողական ու նվիրված պայքարի։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարությունը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զորակցությունն է հայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառույցներին եւ ընկերներին։