«Ադրբեջանը փուլային տարբերակի տակ հասկանում է այլ բան՝ Արցախի պետականության աստիճանական, փուլային ապամոնտաժում». Դավիթ Բաբայանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

«Մամեդյարովի հետ միասին, Ադրբեջանի բոլոր պետական գործիչներն անընդհատ խոսում են Արցախի հարցի լուծման փուլային տարբերակի մասին, որը 1997-98 թվականներին արդեն մերժվել է։ Ադրբեջանն ուղղակի փուլային տարբերակի տակ հասկանում է այլ բան՝ Արցախի պետականության աստիճանական, փուլային ապամոնտաժում և Արցախի պետականության ոչնչացում և Ադրբեջանի իշխանության հաստատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի կողմից հարցի լուծման փուլային տարբերակն ուղղակի անհեթեթություն է։ Նա ընդգծեց, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է, այլ բան է, որ կարող է լինել քայլային տարբերակը՝ Արցախի ու Ադրբեջանի կողմից մեկը մյուսին ճանաչելով։

«Սա ուրիշ բան է, սա փուլային չէ, այլ առաջին քայլն է, որից հետո կարելի է  դիտարկել այլ հարցեր։ Կրկնում եմ՝ Արցախի հարցի փուլային լուծումն Ադրբեջանը պատկերացնում է Արցախի անկախության փուլային ապամոնտաժմամբ, ինչը մենք չենք ընդունելու»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Ըստ նրա՝ հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:

«Բանակցությունները պետք է շարունակել: Եթե նույնիսկ պատերազմ լինի, այն հավերժ չի տևելու, և պետք է լինելու, այսպես թե այնպես, շարունակել բանակցությունները: Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններում քննարկում ենք կոնկրետ և իրական կետեր»,- հայտարարել է նա:
Հիշենենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել դեկտեմբերի 4-ին՝Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս