Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հայտարարության լավրովյան վտանգավոր վերծանման մասին
Լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այն հայտարարությանը, թե հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Արտաքին գործերի նախկին նախարարը շեշտեց՝ ինքը վերջին ճշմարտությունների տեսության ջատագովը չէ, և բացատրեց Փաշինյանի հայտարարության արդեն երևացող վտանգավոր հետևանքները:
«Դեմ չեմ, որ մարտավարական արվեստում նորարարություններ լինեն: Եթե այս նորարարությունը մտցնում ես միջազգային ասպարեզ քո հակառակորդին նեղը դնելու համար, կարելի է: Կարող ես ինչ-որ նորարարություն մտցնել, որ քո հակառակորդը մանևրելու տեղ չունենա, որ ասես ինչ-որ բան, և նա չկարողանա որևէ բան ասել: Օրինակ, ասես՝ սա եմ ասում, իսկ Ալիևը չկարողանա որևէ բան ասել: Հիմա Արցախի սուբյեկտությունն ընդգծելու համար հետաքրքիր միտք է, նաև ուզում ես ասել, թե ով է Ադրբեջանի ժողովուրդը, քանի որ կան նաև փոքրամասնություններ: Սա հետաքրքիր փիլիսոփայական մոտեցում է, բայց դրանից կես քայլ այն կողմ Լավրովի պատասխանն է. մի քանի շաբաթ անց նա գնում է Ադրբեջան և ասում է ոչ թե՝ «ժողովուրդներ», այլ՝ «բնակիչներ»: Նա ասում է՝ Արցախի, Ադրբեջանի և ՀՀ-ի բնակիչներ, իսկ «բնակիչները» բերում է համայնքների և հասնում հայտնի ադրբեջանական թեզին՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»: Շատ զգույշ պիտի լինենք: Նախագահի, վարչապետի խորհրդականները շատ զգույշ պիտի լինեն իրենց խորհուրդների ժամանակ, որ այդ «խորամանկ» խորհուրդները, որ տալիս են Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, որն այդ պահի համար հետաքրքիր է, բայց վաղը-մյուս օրն ինչի կարող են բերել Լավրովի շուրթերով արդեն Բաքվում: Կարող է՝ Փարիզում արևմտյան ականջին դա հաճելի է, բայց նույն բանը փչացած հեռախոսի տարբերակով և Լավրովի շուրթերով «համայնքային» վերծանմամբ է հնչում»,- զգուշացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցմանը, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի բացառել, որ թույլ տրվի «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցությունը բանակցություններին, «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահն արձագանքեց՝ դա գոյություն չունեցող տարբերակ է:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այն բարոյաիրավական, քաղաքական իրականություն է:
«Սրանից ավելին այն է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Օսմանյան Թուրքիայի պահոցները լիքն են հարյուր-հազարավոր փաստաթղթերով, որոնք փաստում են՝ ոչ միայն Ցեղասպանություն է տեղի ունեցել, այլև՝ հայրենազրկում: Եվ սրա պատասխանն ու հատուցումն անպայման գալու է»,- լրացրեց միտքը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահը: