«Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը». Աննա Նաղդալյան
«Հստակ է, բազմիցս նշել ենք այդ մասին, որ որևէ փաստաթուղթ չի քննարկվում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ պատվիրակությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը և Մամեդյարովի նախօրեի հարցազրույցին:
Նաղդալյանը նշեց, թե նորություն չի ասի, եթե ասի, որ խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչը խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն է, և հայկական կողմի համար վստահության ամրապնդման և ռիսկերի նվազեցման ու կառավարման հարցերը մնում են, մշտապես եղել են օրակարգային՝ անկախ նրանց անվանումից:
«Ես առիթ եմ ունեցել դրան անդրադառնալու, որ մեզ համար ամենակարևորն այն է, ինչ աշխատում է տեղում, այն, ինչ արժանահավատ է, այն, ինչ տալիս է հստակ արդյունքներ: Մենք, համանախագահների հայտարարությունը վկայակոչելով, ՀՀ-ն ու Արցախը մշտապես կողմնակից են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնմանը, եթե ավելի շատ զարգացնենք վստահության մասով, պետք է նշեմ, որ անկախ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող լարումներից ու սրումներից՝ ներկայում ունենք մի իրավիճակ, երբ ունենք ռիսկերի նվազ մակարդակ, սա մեզ համար հստակ արդյունք է, և մենք պետք է շարունակենք դրա ամրապնդման ուղղությամբ քայլերը: Եթե խոսում ենք, թե դա ինչպես է կոչվելու՝ Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Դուշանբե, մեզ համար կարևորը փաթեթավորումը չէ, կարևորը, որ դրանք գործում են, տալիս են հստակ արդյունքներ: Կարողացել ենք գործի դնել հստակ մեխանիզմներ, որոնք աշխատում են, և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- ասաց Նաղդալյանը:
Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է «Լավրովի պլանը», ի՞նչ նկատի ունի Մամեդյարովը՝ նշելով, որ հայկական կողմն առաջարկել է նման պլան, Նաղդալյանը պատասխանեց, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և դա մենք բազմիցս նշել ենք, դա հստակ է: «Իսկ թե ինչ է նշել պարոն Մամեդյարովը, ես կհամարեի, որ կա տեխնիկական վրիպակ իրենց կողմից, քանի որ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,- ասաց Նաղդալյանը: