Երևանի և մարզերի որոշ թատրոններ ու թանգարաններ բաց կլինեն նաև տոնական օրերին
Ամանորին արվեստասերների կյանքը մշակութային բաղադրիչով հարստացնելու նպատակով բաց կլինեն մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Ըստ իս` սա շատ կարևոր ու աննախադեպ նախաձեռնություն է: Ամանորից հետո միշտ խոսում ենք այն մասին, որ տոները դիմավորելու և անցկացնելու ձևաչափն իրեն վաղուց սպառել է: Կարծես թե հայտնվել ենք մի շրջապտույտում, երբ գիտակցում ենք, որ նոր բան ենք ուզում, նոր ձևաչափ, նոր հարաբերություններ, տոները դիմավորելու կենցաղը և մշակույթը փոխելու, տոնական օրերին նվազագույնս ծանրաբեռնելու կարիք ունենք: Տարվա ընթացքում գերծանրաբեռնված լինելու պատճառով հաճախ ժամանակ չի լինում ընտանեկան մշակութային ժամանցի համար»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ այս նախաձեռնությամբ փորձում են քայլ առ քայլ արմատախիլ անել տոներն անցկացնելու ընդունված, սպառված մշակույթը:
Տոներին կամավորության սկզբունքով գործելու են Մայր թատրոնը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ռուսական թատրոնը, Պետական կամերային երաժշտական, Խամաճիկների պետական, Տիկնիկային, Համազգային, Գոյ թատրոնները և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
Նախաձեռնությանը միացել են նաև մարզերի թատրոնները: Ամանորին թատերասերները կարող են ներկայացումներ դիտել Գորիսի Վ. Վաղարշյանի անվան, Վանաձորի Հ. Աբելյանի անվան, Գյումրու Վ. Աճեմյանի անվան և Արտաշատի պետական դրամատիկական թատրոններում:
Նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն էլ տեղեկացրեց, որ արձակուրդների ընթացքում հունվարի 1-5-ը բաց կլինեն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի թանգարանները, Ռուսական արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային պատկերասրահը: