«Որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Աննա Նաղդալյանը՝ «Լավրովի պլանի», ԼՂ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշման մասին
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացվի՝ առանց սահմանափակման և հարկադրման»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մանրամասներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին և անդրադառնալով «Լավրովի պլանին», կարմիր գծերին, անվտանգության և կարգավիճակի հարցին՝ նշել էր, որ անվտանգության հարցում ամեն ինչ չէ, որ հստակ է:
Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-6-ը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Բրատիսլավայի նախարարական համաժողովին, որի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել նաև ադրբեջանցի գործընկերոջ հետ: «Իսկ Բրատիսլավայի նախարարական համաժողովում ունեցած իր ելույթում ԱԳ նախարարը հանգամանալից կերպով ներկայացրել է Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»,- ասաց Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակն ասաց, որ իրենք ևս ծանոթացել են Ադրբեջանի ԱԳ նախարարի տված բավականին ծավալուն հարցազրույցին: «Այս առումով ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ի դիքրորոշումը ԼՂ հարցում հստակ ներկայացվել է և վերջին անգամ ընդարձակ կերպով ներկայացվել է ԱԳ նախարարի ելույթում Բրատիսլավայում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացվի՝ առանց սահմանափակման և հարկադրման: Առանց սահմանափակման՝ նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար:
Իսկ ինչ վերաբերում է անվտանգության ձևակերպումներին, Ադրբեջանը 30 տարուց ավելի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ես պարզապես մեկ օրինակ բերեմ: Վերջերս Ադրբեջանի նախագահը, օրինակ, մեղադրում էր հայերին Սումգայիթի հակահայկական ջարդերի կազմակերպման և իրականացման մեջ: Նման միջավայրում ավելորդ է անգամ դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը, սա իրողություն է, որը գեղեցիկ ձևակերպումներով հնարավոր չէ քողարկել: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման, չի կարող լինել մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց անվտանգության գծերի: Այս հանգամանքին նախարարը հանգամանալից անդրադարձել է Բրատիսլավայի իր ելույթում»,- նման կարծիք հայտնեց Աննա Նաղդալյանը:
Վերջինս ասաց, որ ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել: «Բայց երևի թե այս պարագայում իրենք բավականին լավ ընկալում են այն բոլոր անվտանգության վերաբերյալ դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումն այս հարցում: Ինձ որևէ այլ բան չի մնում, քան ևս մեկ անգամ կրկնել, որ Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու: Իսկ ԼՂ հակամարտության չկարգավորման հիմնական պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է, և դրա հիման վրա որևէ առաջընթաց բացառվում է»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Իսկ ինչ վերաբերում է հանդիպումների օրակարգում գտնվող փաստաթղթերին, ԱԳՆ խոսնակն ընդգծեց, որ բազմիցս են նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: