««Իմ քայլում» կան պատգամավորներ, որոնք նոր իրավիճակի հետ ադապտացվելու խնդիր ունեն». Գևորգ Գորգիսյան

Դեկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու  վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» արտահայտած դիրքորոշմանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախկինում շատ հարցերում միմյանց հետ համակարծիք էին, երբ հանդես էին գալիս «Ելք» դաշինքով. «Բայց հենց այստեղ է մեր տարբերությունը, որովհետև շատ բաներ մենք ասում ենք՝ այսպես է ճիշտ, բայց հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք՝ վույ-վույ, աման-աման՝ անել է պետք, ժողովուրդ ջան: Հիմա որ ասեմ, էլի կասեն՝ երրորդ ճանապարհ, այ ձեր ցավը տանեմ, դուք իսկի դուրս չեք գալիս այդ ճանապարհից, մի հատ գտեք, էլի, նոր բանում… վույ-վույ, աման-աման, եղբայր, ուզո՞ւմ եք ունենալ ժողովրդավարական Հայաստան, վստահ եմ, որ ուզում եք, այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք ամեն անգամ գալիս-հասնում առվին, ասում եք՝ չէ, կթրջվենք»,- իր ելույթում նշեց Արարատ Միրզոյանը:

168.am-ը Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենց չեն գտնում նոր իրավիճակում, քանի որ Արարատ Միզոյանն ըստ էության այդ համատեքստում ելույթ ունեցավ:

«Պարոն Միրզոյանն այլ բանի մասին էր ասում, ասում էր, որ երբեմն մենք խուսափում ենք կտրուկ քայլեր անելուց, ինչն իրենք արեցին, և եղավ հեղափոխություն, և իրենք եկան իշխանության: Նոր իրավիճակի մասին խոսք չեղավ, և ես հենց այդ պահին պատասխանել եմ Արարատ Միրզոյանին: Նրա հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ մենք փաստացի ավելի հեռատես ենք, քանի որ բոլոր այն մտահոգությունները, որոնք մենք հայտնում էինք, ամիսներ ու տարիներ հետո՝ նրանց քաղաքական ուժը գալիս է այդ նույն լուծումներին: Սկսած Կառավարության կառուցվածքային փոփոխություններից, երբ հիմա իրենց շրջանակներում քննարկվում է ներքին գործերի նախարարություն ունենալու հարց, և կարծես դեմ չէին, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարներն ունենան քաղաքական պաշտոն, վերջացրած ելութներով՝ ինստիտուտների զարգացման մասին, երբ մենք դրա մասին տեսահոլովակներով թողարկել էինք»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Ինչ վերաբերում է նոր իրավիճակին, Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ շատ դեպքերում քաղաքական մեծամասնությունն է մնացել հնում՝անընդատ հիշելով հեղափոխություն ու հակահեղափոխություն, սևեր ու սպիտակներ: Ավելին՝ օրեր առաջ լրացել է նաև խորհրդարանական ընտրությունների մեկ տարին, և այդ օրվանից սկսած այդ դիսկուրսը չպետք է լիներ ու գոյություն ունենար, քանի որ անիմաստ է:

«Ցավոք, «Իմ քայլում» կան պատգամավորներ, որոնք շարունակում են այդ դիսկուրսն առաջ տանել, կարծում եմ՝ նրանք նոր իրավիճակի հետ ադապտացվելու խնդիր ունեն»,- եզրափակեց Գևորգ Գորգիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս