Բաժիններ՝

«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ինտելեկտուալ խաղը շարունակի իր գործունեությունը». Պատգամավորը՝ «Ինչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը հայտարարել էր, որ հաջորդ տարի հաղորդման  հեռարձակման արտոնագրի ֆինանսավորման համար նամակ է հղել ՀՀ կառավարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Նա նաև ասել էր, որ, եթե մինչև դեկտեմբերի 13-ը Կառավարությունը չարձագանքի նամակին, ապա պատրաստ է հանգանակություն իրականացնել, որպեսզի խաղը եթեր հեռարձակվի:

Կարեն Քոչարյանի այս հայտարարությունից հետո համացանցում բազմաթիվ քննադատություններ եղան այն մասին, թե Կառավարությունը գումար է հատկացնում Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման, Ամանորյա ինչ-որ անհասկանալի միջոցառումների համար, սակայն նման ինտելեկտուալ հաղորդման համար, որը գրեթե միակն է՝ գումար չունի՞:

168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեց՝ որպես իշխող կուսակցության անդամ՝ փորձե՞լ է հասկանալ, թե հեռուստախաղի հետագա ճակատագիրն ինչ է լինելու:

«Ես արդեն զրուցել եմ Կարեն Քոչարյանի հետ, քանի որ ինձ հետաքրրքում է, թե ինչ ճակատագիր է սպասվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղին: Կարեն Քոչարյանն ինձ հավաստիացրեց, որ Կառավարությունը դեռևս պատասխան չի տվել, այսինքն՝ դեռևս չգիտեն՝ այն մերժվա՞ծ է, թե՞ ոչ: Պարզապես ես հասկացա, որ կա մի նախարարության պատասխան, որ իրենք ֆինանսական միջոցներ չունեն խաղի հեռարձակման ու հավաստագրի համար. դա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Նախարարության միջոցները չեն բավարարում, սակայն դա չի նշանակում, որ խաղն ընդհանրապես եթեր չի հեռարձակվի»,- ասաց պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ հարցին լուծում կգտնվի, անձամբ շարունակելու է հետևել գործընթացին, գործընկեր պատգամավորներից էլ է տեղեկացել, որ հետաքրքրված են հարցով, որպեսզի խաղը եթեր հեռարձակվի:

«Այնպես է ստացվում, որ մեր եթերը շարունակ հեղեղվում է այնպիսի բովանդակությամբ, որն ինտելեկտի հետ շատ քիչ առնչություն ունի: Չեմ կարող ցավով այս իրողությունը չարձանագրել, դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ ինտելեկտուալ խաղը շարունակի իր գործունեությունը»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս