«Մնում է՝ գործադիրը հետևի օրենսդիրի կամքին». Էդմոն Մարուքյան
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչման:
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից ընդունած բանաձևին՝ ասաց, որ շատ կարևոր էր բանաձևի ընդունումը, ուստի արդեն կարող են ասել, որ ԱՄՆ օրենսդիր մարմինն ամբողջությամբ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
«ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Սենատից, և Ներկայացուցիչների պալատն ընդունել էր 256 բանաձևը, իսկ Սենատը՝ 150 բանաձևը, դրանից հետո մնում է, որ գործադիրը հետևի օրենսդիրի կամքին:
Կարծում եմ՝ սա ժամանակի հարց է, սա շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխարհի մյուս երկրներում տարբեր պալատներում սկսված ու դեռևս ավարտին չհասած նման բանաձևերի ընդունման առումով»,- շեշտեց Է. Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ընդունված բանաձևն իրավական հետևանք չի կարող ունենալ, ունի միայն քաղաքական հետևանք:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրություններին, Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ այսօրվա գործող նախագահ Դոնալդ Թրամփը կվերընտրվի:
«Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, սակայն նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սա հետաքրքիր հանգամանք է: Իսկ մնացած թեկնածուները, որոնք խոստանում են, որ կընդունեն Հայոց ցեղասպանությունը՝ այլևս այնքան էլ զորեղ չէ նրանց խոսքը, որքան ժամանակին էր»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ այս հարցում շատ կարևոր է նաև Թուրքիայի պահվածքը, նաև դրանով են պայմանավորված մեր հաջողություններն ԱՄՆ-ի կողմից: Այսինքն՝ մեծ կռիվ է ընթանում, և հայկական կողմը կարողանում է այդ կռվի մեջ իր խնդիրներն առաջ տանել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում