«Ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգությանը». «Հանուն Արցախի» համազգային շարժում

«Հանուն Արցախի» համազգային շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սույն թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Արցախի հիմնախնդրի լուծման ՀՀ իշխանությունների մոտեցումներին, նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական, չգիտեմ, համայնքը, թե իրենց ժառանգները, թե իրենք իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ գան իր հետ պատվիրակության մեջ»:

Չնայած վարչապետ Փաշինյանը հրապարակավ կողմ չի արտահայտվել, որպեսզի  Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում հանդես գան որպես բանակցային կողմ, սակայն ո՛չ նրա մամուլի խոսնակը, ո՛չ նրա աշխատակազմի ղեկավարը, և ո՛չ էլ Արտաքին գործերի նախարարությունը չարձագանքեցին Հովհաննես Իգիթյանի արտահայտած վերոնշյալ մտքին: Սա հիմք է տալիս գնահատելու այդ հանգամանքը՝ որպես  Իգիթյանի կողմից ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային ԼՂ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին արտահայտած մտքերի հաստատում:

Տարիներ շարունակ Ադրբեջանը ձգտել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների  ձևաչափով հանդես եկող անձիք դառնան հակամարտության բանակցային կողմ:

Սակայն, առ այսօր, այդ անձանց չի հաջողվել մասնակցել բանակցություններին, քանի որ բանակցային գործընթացում ներգրավված բոլոր երկրները պետք է տային իրենց համաձայնությունը: Հայաստանը մշտապես դեմ է արտահայտվել նրանց այդ ցանկությանը:

Փաստորեն, պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ի լուր աշխարհի, հայտարարում է, որ Հայաստանն այլևս չի խոչընդոտի Ադրբեջանի իշխանությունների ցանկությանը՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, որպես  հակամարտության բանակցային կողմ ճանաչելու մասին՝ դրանով իսկ սպասարկելով Ադրբեջանի պետական շահերը՝ ի հաշիվ Արցախի և Հայաստանի  ժողովրդի:

Արձանագրելով սույն իրողությունը` որպես ակնհայտ սպառնալիք՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգությանը, դիմում ենք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որպեսզի վերջինս վերահաստատի 2016 և 2019 թվականներին իր արտահայտած տեսակետը վերոնշյալ խնդրի կապակցությամբ, ինչին հակընդդեմ է Հայաստանի ներկայիս իշխանավորների արտահայտած մոտեցումը:

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության հերոսներին, Մարտական խաչի ասպետներին, գեներալներին, սպայակազմին, արցախյան ազատամարտի մասնակիցներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և նախաձեռնություններին, ինքնիշխան Արցախի արժանապատիվ քաղաքացիներին, համայն հայությանը՝ դատապարտել Արցախի Հանրապետության ազատությունն ու ինքնիշխանությունը վտանգող որևէ դրսևորում և հավաքական կերպով չեզոքացնել հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք:

Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

13.12. 2019

Տեսանյութեր

Լրահոս