Բաժիններ՝

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այդ մասին նա ասել է դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների շարունակվող հաշվարկի ժամանակ: Այս պահին լեյբորիստները ջախջախիչ պարտություն են կրում կառավարող Պահպանողական կուսակցությունից։

«Ես չեմ գլխավորի կուսակցությունն ապագա ընտրություններում»,- ասել է Քորբինը: Ընդսմին քաղաքական գործիչը չի հայտարարել իր անհապաղ հրաժարականի մասին: «Ես իրադրությունը կքննարկեմ իմ կուսակցության հետ, որպեսզի մտածումների գործընթաց գործարկվի այս արդյունքի եւ այն քաղաքականության շուրջ, որը կուսակցությունը կորդեգրի շարժվելով առաջ: Եվ ես կգլխավորեմ կուսակցությունն այդ ընթացքում»,- հայտնել է Քորբինը:

«Սա, իհարկե, խիստ հիասթափեցնող գիշեր էր Լեյբորիստական կուսակցության համար»,- հավելել է նա՝ նման արդյունքի պատճառը համարելով Brexit-ը, «որն այսչափ շատ բաժանեց երկիրը»:
Քորբինն իր համար երաշխավորել է խորհրդարանում վերընտրվելը: Ընտրությունների արդյունքներով նա ապահովել է 34,6 հազար ընտրողների աջակցությունը, ինչը նրան հաղթող է դարձրել Լոնդոնի Հյուսիսային Իսլինգթոնի ընտրատարածքում:

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ լեյբորիստները պետք է ստանան 191 մանդատ, ինչը 71-ով պակաս է, քան երկու տարի առաջ: Այս արդյունքի հաստատվելու դեպքում այն կուսակցության համար վատթարագույնը կդառնա 1935 թվականից ի վեր: Համոզիչ հաղթանակ է կանխատեսվում կառավարող պահպանողականների համար՝ 368 տեղ 650-ից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս