Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ. Ջոնսո
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշման ընթացքում: Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առջեւից են ընթանում:
«Պահպանողական կառավարությունը նոր հզոր մանդատ ստացավ իրականացնելու Brexit-ը»,- ասել է վարչապետը: «Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործել բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխել այս երկիրը, եւ դա մենք կսկսենք անել վաղը»,- հայտարարել Է Ջոնսոնը:
Վարչապետը վստահորեն ընտրվել է խորհրդարանում՝ ապահովելով 25 հազար մարդու աջակցությունը: Մեծ Բրիտանիայում բոլոր նախարարները, ներառյալ վարչապետը, պարտավոր են լինել խորհրդարանի անդամներ: Ուստի Համայնքների պալատում չընտրվելու դեպքում քաղաքական գործիչը կորցնում է նախարարների կաբինետ մտնելու իրավունքը: Համայնքների պալատում իր տեղը պահպանել է նաեւ նախորդ վարչապետ Թերեզա Մեյը:
650 ընտրատեղամասերից 440-ում քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով պահպանողականները նվաճել են 231 մանդատ՝ 32-ով ավելի, քան 2017 թվականին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ստացել է 153 մանդատ՝ 43-ով պակաս, քան երկու տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: