Ինչ մասնագիտություններ է պատրաստվում ընտրել նոր սերունդը. Բրեվիսի հետազոտությունը
Բրեվիսը Career Development ծրագրի շրջանակում իրականացրել էր հետազոտություն՝ պարզելու, թե Հայաստանում բնակչության որ մասն է ցանկանում նոր մասնագիտություն ձեռք բերել, նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների մեջ կանայք են գերակշռում, թե տղամարդիկ և որպես նոր մասնագիտություններ որոնք են նախընտրելի։ Վերջերս նման հետազոտություն է անցկացվել միայն Երևանում՝ պարզելու արդյոք միտումները մայրաքաղաքում տարբերվում են ընդհանուր հայաստանյանից։
Եվ այսպես, մայրաքաղաքում հարցվածների 49.4%-ը ցանկություն ունի նոր մասնագիտություն ձեռք բերելու։ Ողջ Հայաստանի տարածքում անցկացված հետազոտության ցուցանիշը գրեթե նույնն էր՝ 49.1%։ Սակայն տարբերվում է նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացող տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը. եթե Հայաստանի մասշտաբով նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների թվում կանայք գերակշռում են (53.3%), ապա Երևանում, ընդհակառակը՝ ավելի մեծ թիվ են կազմում տղամարդիկ (55.2%)։
Որոշ չափով տարբերվում են նախընտրելի մասնագիտությունները։ Երևանում տղամարդկանց շրջանում նախընտրելի նոր մասնագիտություններից ամենաթրենդայինն են ծրագրավորումն ու բժշկությունը, այն դեպքում երբ Հայաստանի մասշտաբով առաջին տեղերում են իրավագիտությունն ու տնտեսագիտությունը։ Երևանաբնակ կանայք որպես նոր մասնագիտություն նախընտրությունը տալիս են բժշկությանն ու ծրագրավորմանը։ Երրորդ տեղում են վարսավիրի, դիմահարդարի կամ մատնահարդարի մասնագիտությունները։ Ողջ Հայաստանի մասշտաբով ևս բժշկի մասնագիտությունը կանանց շրջանում առաջինն է, սակայն երկրորդ և երրորդ տեղերում են մանկավարժի ու լեզվաբանի մասնագիտությունները։
Իսկ ի՞նչ մասնագիտություն է պատրաստվում ընտրել նոր սերունդը։ Այս հարցը ևս հայտնվել է Բրեվիսի հետազոտողների ուշադրության կենտրոնում, որոնք այս տարվա հուլիսին հարցումներ են անցկացրել Երևանում՝ 14-18 տարեկան երեխաներ ունեցողների շրջանում։
Հարցումները ցույց են տվել, որ մասնագիտությունների ընտրությունների հարցում շատ մեծ տարբերություններ չկան։ 14-18 տարեկանները ևս նախապատվություն են տալիս ծրագրավորողի, լեզվաբանի ու բժշկի մասնագիտություններին։ Սակայն, հետաքրքիր է, որ իրավաբանի և հաշվապահի մասնագիտություններ ընտրողների թիվն ավելի քիչ է, քան մարզիկի և երաժիշտի։ Ծնողների մեծ մասը նույնպես որպես նախընտրելի մասնագիտություն երեխաների համար նշել է ծրագրավորումը, ինչպես նաև՝ տնտեսագետի և բժշկի մասնագիտությունները։