ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն առեւտրական համաձայնագրի նախագիծը կստորագրեն դեկտեմբերի 13-ին. Wall Street Journal
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Վաշնգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը կարող են արդեն դեկտեմբերի 13-ին ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրական համաձայնագրի նախագիծը: Այդ մասին գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլը:
Հրատարակության տվյալներով՝ Լայթհայզերը եւ Ցույ Տյանկայը դեկտեմբերի 13-ին կստորագրեն եթե ոչ համաձայնագրի բուն նախագիծը, ապա, գոնե, դրա հիմնական դրույթները:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ համաձայնագիրը նախատեսում է չինական ներմուծման մաքսերի նոր փուլի չեղարկում, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Նաեւ ենթադրվում է մինչեւ կիսով չափ նվազեցնել արդեն սահմանված 360 միլիարդ դոլարի մաքսերը: Դրա փոխարեն Պեկինը պետք է կատարի մի շարք պահանջներ, որոնց թվում է Չինաստանի կողմից ամերիկյան գյուղատնտեսական եւ այլ ապրանքների գնման ավելացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: