Բաժիններ՝

Զելենսկին Ուկրաինայի հաջող զարգացման հինգ պայման է նշել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի «ապագայի բանաձեւը» բաղկացած է հինգ պայմանից, որոնցից գլխավորը երկրում խաղաղության հասնելն է։ «Առանց խաղաղության ոչ մի զարգացում չի կարող լինել: Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր պայմաններով, այսինքն՝ Ուկրաինային տարածքների ու մեր մարդկանց վերադարձմամբ»,-գրել է Զելենսկին «Նովոյե վրեմյա» հանդեսի հատուկ թողարկման սյունակում:

Երկրորդ տեղում Զելենսկին դրել է «արդյունավետ ինստիտուտները եւ բոլորի համար խաղի թափանցիկ կանոնները», ինչին դասել է «կոռուպցիայի նկատմամբ հաղթանակը եւ արդար դատարանները, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Երրորդ պայմանը նա համարել է ներդրումների ներգրավումը, ինչի համար կպահանջվի «վերացնել անանցանելի արգելքները եւ անհարկի կարգավորումները, որոնք արգելակում են բիզնեսի զարգացումը», չորրորդը՝ որակապես այլ ենթակառուցվածքը, այդ թվում՝ ճանապարհները: «Սա այն ամենն է, ինչն օգնում է մարդուն՝ ապրել ու հաջողության հասնել Ուկրաինայում: Բժշկական ու կրթական, թվային ու էներգետիկական, ֆինանսական ու կոմունալ ենթակառուցվածքը»,-հավելել է նախագահը:
Հինգերորդ բաղադրիչը Զելենսկին համարում է ժողովրդի իշխանությունը երկրում, ընդ որում՝ «ոչ դեկլարատիվ, այլ իրական»:

Ուկրաինայի նախագահն ընդունել է, որ երկիրը չի կարող գլոբալ առաջատարության հավակնել ո՛չ տարածքային առումով, ո՛չ ռազմական հզորության տեսանկյունից, ինչպես նաեւ օգտակար հանածոների արդյունահանման, տեխնոլոգիաների բնագավառում կամ արդյունաբերական ներուժով: Միեւնույն ժամանակ Զելենսկին գտնում է, որ Ուկրաինան կարող է դառնալ «աշխարհի առավել դինամիկորեն զարգացող երկիրը»:

Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել է, որ Դոնբասում խաղաղության հասնելը համարում է գլխավոր նպատակը պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս