Բաժիններ՝

Ինչո՞ւ Ոստիկանությունում փաստաբանին թույլ չեն տալիս տեսնել իր վստահորդին

168.am-ի խմբագրություն ահազանգած փաստաբան Հայկ Քոչինյանը բարձրաձայնեց իր վստահորդի իրավունքների խախտման մասին:

«Առավոտյան ժամը 9:00-ից իմ վստահորդին բերման են ենթարկել: Արդեն բավական ժամանակ է, ցանկանում եմ տեսնել նրան, սակայն ոստիկանությունն ինձ թույլ չի տալիս: Ասում են, որ իմ վստահորդ Կարեն Մկրտչյանը հրաժարվում է փաստաբանից: Բայց դա նա պետք է իմ ներկայությամբ ասի»,- ասաց խմբագրություն ահազանգած փաստաբանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ ասացին. «Որպես վկա Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) Գլխավոր վարչություն (ԳՎ) հրավիրված ձեր նշած անձը հրաժարվում է փաստաբանական ծառայությունից»:

Փաստաբանը, սակայն, պնդում է, որ խախտվում է անձի՝ պաշտպան ունենալու և արդար դատաքննության իրավունքը, ու ինքն այդ մասին նաև ՄԻՊ-ին է ահազանգել:

Ինչևէ, փաստենք, որ ԿՀԴՊ ԳՎ-ում վկայի կարգավիճակով առավոտյան ժամը 9:00-ից գտնվող ու այժմ վկայի կարգավիճակով հարցաքննվող անձի՝ 17:10-ին ոստիկանություն ներկայացած փաստաբանը մինչ այս պահը չի կարողանում տեսնել իր վստահորդին:

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ ՄԻՊ-ից արձագանքել են փաստաբանի ահազանգին, եկել են ու տեղում իրավունքի խախտում արձանագրել: Փաստաբան Հ. Քոչինյանն էլ տեղեկացրեց, որ իր վստահորդի հարցաքննությունն արդեն ավարտվել է, ու նա արդեն ազատ է արձակվել:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս