«Եվրանեսթում» հայկական պատվիրակությունը շարունակում է նախորդների ձևավորած ավանդույթը. Գայանե Աբրահամյան
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն շարունակում այն ավանդույթը, որը ձևավորել էր նախորդ գումարման Ազգային ժողովի «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակությունը, երբ «Եվրանեսթի» պլենար նիստին ընդունում էին բանաձև, որը բխում էր Հայաստանի շահերից, ինչպես, օրինակ՝ 2017 թվականին Կիևում Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ ընդունվեց ռազմական դրոնների օգտագործման և տարածման դեմ ուղղված բանաձև, կամ՝ նախորդ տարի Բրյուսելում բանաձև ընդունվեց, ըստ որի՝ կոչ էր արվում ԵՄ երկրներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը:
«Այդ ավանդույթը մենք շարունակում ենք և շարունակելու ենք, օրինակ, եթե դրոնների խնդիրն այսօր ծագած լիներ, բնականաբար, այդ խնդիրը կտանեինք և հնարավորության դեպքում ամեն ինչ կանեիք, որպեսզի այդ հարցն այնտեղ բարձրացվեր: Այս պահին մենք այնտեղ հրատապ ընթացակարգով ներկայացվող հարցերի հնարավորություն չենք ունեցել և չենք բարձրացրել: Այսինքն՝ մենք ունեինք հրատապ ընթացակարգով ներկայացվող բանաձև, բայց քանի որ որոշակի բանակցությունների արդյունքում վրացական կողմի հետ մենք հանեցինք մեր բանաձևը, քանի որ շատ ավելի հրատապ էր՝ ստանալու իրենց ձայները մեր առաջարկների կողմ լինելու վերաբերյալ, քան՝ այդ բանաձևն առաջ մղելու: Այսինքն՝ մենք պատրաստված էինք գնացել, որպեսզի կարողանանք քաղաքական «առևտուր» անել և փորձել սակարկել»,- շեշտեց Գայանե Աբրահամյանը:
Հաջորդ հարցին՝ արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է անդամակցել եվրոպական որևէ քաղաքական ընտանիքի, քանի որ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» համարվում է նման ընտանիքի անդամ, եթե ՔՊ-ն ունի նման մտադրություն, արդյո՞ք դա տեղավորվում է վարչապետի այն հայտարարության տրամաբանության մեջ, ըստ որի` իրենք չունեն քաղաքական իզմեր՝ գաղափարախոսություն, Գայանե Աբրահամյանը պատասխանեց, թե իզմերը, բնականաբար, չեն կարող որևէ առնչություն ունենալ քաղաքական խմբակցությունների հետ, որոնք այսօր գործում են Եվրախորհրդարանում, քանի որ ընդհանուր գիտեն իրենց գաղափարախոսությունը և մոտեցումը քաղաքական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
«Այո, որոշակի գործընթացներ արդեն իսկ գնում են, մենք առայժմ որոշակի հապաղում ունենք, քանի որ ուզում ենք հասկանալ, թե, ի վերջո, իրապես որ ընտանիքի հետ է, որ սերտորեն պետք է համագործակցենք: ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը», կարծեմ, դեռևս ասոցիացված անդամներ են: Նորից եմ ասում՝ մայիսյան ընտրություններից հետո Եվրախորհրդարանի ընդհանուր պատկերը բավականին փոխվեց, գոնե այս պահին ԵԺԿ-ն, ճիշտ է, ունի մեծամասնություն, սակայն միանձնյա որոշում կայացնելու հնարավորություն չունեն: Այս պահին փորձում ենք հասկանալ, թե որ ընտանիքն է, որը մեզ հայաստանյան շահը առաջ մղելու հնարավորություն կտա»,- շեշտեց Գայանե Աբրահամյանը:
Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում



