«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի վրա հրդեհից տասը մարդ է տուժել
Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ է տուժել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Նրանցից յոթը հոսպիտալացված են, երեքին բժիշկները զննում են հիվանդանոցներում»,-ասել է նա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարունակվում է մեկ կորածի որոնումը:
Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում ճշտել են, որ երկու զինվորականներ շնչուղիների այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, այնտեղ նշել են, որ նավի վրա չկա զենք ու զինամթերք: Ըստ վերջին տվյալների, հրդեհի մակերեսը կազմել է մինչեւ 600 քառակուսի մետր:



