«Որպես գյումրեցի՝ օբյեկտիվ չեմ համարում գնահատական տալ». Պատգամավորը՝ քաղաքապետարանի տրամադրած ամանորյա բյուջեի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե Գյումրիում ամանորյա ծախսերի համար բյուջեից որքան գումար է հատկացվել, քանի որ իր համար Ամանորը երբեք ճոխ սեղաններն ու ավելորդությունները չեն եղել, այս տարի ևս բացառություն չի լինի։
«Արդյոք այս դեպքում Երևանի քաղաքապետարանի հատկացրած գումարներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ, որպեսզի Երևանը Գյումրիից խորհուրդ չհարցնի՝ Տիգրան Վիրաբյանին պատվիրակել ենք այստեղ փոխքաղաքապետ, որ կարողանա ճիշտ խորհուրդներ տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի տրամադրած ամանորյա միջոցառումների բյուջեին և հարցին, թե Գյումրիում որքա՞ն գումար է հատկացվել տոնական միջոցառումների համար։
Հիշեցնենք, որ այս տարի Ամանորի ծախսերի համար հատկացվել է մոտավորապես 700 հազար դոլար, որից հետո բազմաթիվ քննադատություններ հնչեցին, որ այդքան գումար ծախսելու փոխարեն՝ այն պետք է տրամադրեին անապահով ընտանիքներին, վերելակների նորոգմանը և այլ հրատապ խնդիրների լուծմանը։
Նույնիսկ համացանցում տարբեր օգտատերեր, կեսկատակ-կեսլուրջ գրառումներ էին կատարում, որ Երևանի քաղաքապետարանը պետք է խորհրդակցի Գյումրու քաղաքապետարանի հետ, թե ինչպես կարելի է քիչ ծախսերով ամանորյա միջոցառումներ անել, քանի որ Գյումրին անհամեմատ քիչ գումար է հատկացնում ծախսերին։
«Օբյեկտիվ չի լինի, եթե ես գնահատական տամ՝ ամանորյա ծախսերի հետ կապված, ինչո՞ւ, որովհետև ես երևանաբնակ չեմ, և գուցե երևանցիների աչքերով առավել առաջնային խնդիրներ կան։ Բայց եթե ծախսերն արվում են, և այս ծախսի արդյունավետությունը երևում է, ապա կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա։ Եթե ծախսերի հավաքագրման առումով Երևանն ունի բարձր ցուցանիշներ, ապա կարելի է այդ գումարը տրամադրել։ Որպես գյումրեցի՝ օբյեկտիվ չեմ համարում գնահատական տալ»,- շեշտեց պատգամավորը։
Նա նաև հավելեց, որ արդյունքների մասին կխոսեն հունվարի 1-ին և 2-ին, եթե դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն եղավ, և եթե երգահան Գորան Բրեգովիչի համերգին եղան մեծ թվով զբոսաշրջիկներ, քանի որ հարևան երկրներից արդեն կան հետաքրքրություններ, և կան հյուրանոցների ամրագրումներ, ապա այդ դեպքում ծախսերն արդարացված կլինեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



