Բաժիններ՝

Բաղդադում բողոքողները պահանջներ են առաջադրել Իրաքի վարչապետի պաշտոնի թեկնածուներին

Բողոքի ակցիաների մասնակիցները, որոնք հրաժարվում են հեռանալ Բաղդադի կենտրոնի Թահրիր հրապարակից, իրենց պահանջներն են ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդներին: Յոթ պայմանից բաղկացած ցուցակը, որոնց պետք է համապատասխանի կառավարության ապագա ղեկավարը, հրապարակել է «Մագազին նյուս» տեղեկատվական պորտալը։

Այսպես, բողոքի ակցիաների մասնակիցների կարծիքով՝ կաբինետի ղեկավարի պաշտոնի թեկնածուն պետք է լինի անկախ քաղաքական գործիչ, որը կապված չէ կուսակցությունների եւ քաղաքական շարժումների հետ,չի եղել կառավարության, խորհրդարանի կամ իշխանության տեղական մարմինների կազմում, չունի կրկնակի, կամ իրաքյանից բացի, այլ քաղաքացիություն, 55-ից բարձր տարիքի չէ, ապագայում չի հավակնում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, արատավորված չէ կոռուպցիայով, համարձակ է, ազնիվ եւ արձագանքում է ժողովրդի պահանջներին:

Ինչպես այդ կապակցությամբ հայտնել է Al-Sabah al-Jadeed հրատարակությունը, «պատգամավորների մեծամասնությունը հակված է համաձայնել բողոքավորների պահանջներին»:

Մինչդեռ երեք օրից լրանում այն ժամկետը, որը Սահմանադրությամբ հատկացված է կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուին որոշելու համար՝ նոյեմբերի 30-ին հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն: Այդ պաշտոնի հավակնորդ դեռեւս չկա: Խորհրդարանի երեք հիմնական խմբակցություններից երկուսը հրաժարվել են մասնակցել այդ գործընթացին:

Իրաքում օգնության ցուցաբերման ՄԱԿ-ի առաքելության մարդու իրավունքների գրասենյակի՝ դեկտեմբերի 11-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 170 մարդ, վերքեր է ստացել 2264 հոգի:

«Այս տվյալները պետք է դիտարկվեն որպես նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը ՄԱԿ-ի առաքելությանը թույլ չի տվել հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ ստանալ ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ կամ հիվանդանոցներ այցելել նրանց հարցման համար»,-նշվում է փաստաթղթում: Իսկ ընդամենը հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակաշրջանում Իրաքում սպանվել է առնվազն 414 մարդ, վերքեր է ստացել 8758 հոգի, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Ընդսմին թեթեւ վիրավորումներից, ներառյալ արցունքաբեր գազից թունավորումը, տուժածների թվաքանակը կարող է հասնել 19 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս