Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։
Աղքատության բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը, սակայն 42 տոկոս աղքատության մասնաբաժին ունեցող Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է։
Աղքատ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի բացակայության հարցը, որի հետ են կապվում ոչ միայն աղքատության պատկերը, այլև արտագաղթի բարձր տեմպերը։
Հարկ է նշել, որ եթե ապագայում վիճակագրական կոմիտեն հրապարակի նաև 2019 թվականի աղքատության ցուցանիշները, ապա դրանք 2018 թվականի ցուցանիշներից էականորեն չեն տարբերվի, քանի որ այս տարվա ընթացքում լուրջ տնտեսական տեղաշարժեր տեղի չունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին։
Աղքատության խնդրին վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս է անդրադարձել։ Նա այս տարվա սկզբին իր ունեցած ելույթներում փորձում էր աղքատությունը ներկայացնել ոչ միայն սոցիալական երևույթ, այլև որպես հոգեբանական, մտածողության որոշակի տեսակ:
«Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (գլխում) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,- նշում էր վարչապետը։ Սակայն պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից քննադատության առարկա դարձավ։
Վերլուծաբանների մի մասն այն որակեց որպես պոպուլիզմի հերթական դրսևորում, իսկ մյուս մասի կարծիքով՝ կառավարությունը սրանով ուզում է ապահովագրել իրենց աղքատության դեմ պայքարի հարցում հնարավոր ձախողումներից։
Այս քննադատություններից հետո միայն Փաշինյանը փոխեց իր մոտեցումը աղքատության խնդրի հետ կապված և վերջերս տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։
Իհարկե, այս հայտարարության հետ բոլորն են համաձայն, սակայն հարցն այն է, թե ո՞վ պետք է լուծի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել։
Ի վերջո, բոլորը բիզնեսմեն չեն կարող դառնալ: Եվ պատահական չէ, որ քաղաքացիներն իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքների առաջնահերթությունների շարքում հատուկ ուշադրություն են դարձնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցին։
Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության նպատակը դառնալու է աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սակայն այս հարցի շուրջ կառավարության պատասխանը ոչ միանշանակ է։
Փաշինյանը պարբերաբար հանրությանը ցուցանիշներ է ներկայացնում, թե ինչքան նոր աշխատատեղեր են ի հայտ եկել իշխանափոխությունից հետո, բայց խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ դրանց՝ ստվերից դուրս գալու մասին է։ Եվ այդ թիվը ժամանակի ընթացքում աճում է, ու վերջերս էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:
Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նախկինում ուղղակի նշվում էր «նոր աշխատատեղ», ինչը քննադատության տեղիք էր տալիս, քանզի իրականում գերազանցապես խոսքը ստվերից դուրս եկածների մասին է, ապա հիմա վարչապետը շեշտում է «ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել» ձևակերպումը:
Եվ այն, որ վարչապետը խուսափում է ցուցանիշներ նշել, թե իրենց կառավարման օրոք կոնկրետ ինչքան նոր աշխատատեղ է ստեղծվել, վկայում է այն մասին, որ նոր աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը բարվոք չէ։
Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը խոսի պետական համակարգի շարունակական օպտիմալացման մասին՝ չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ օպտիմալացման ենթակա աշխատակիցների համար նոր աշխատանք գտնելու մասով։
Ու եթե նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և դրա հետ մեկտեղ գրեթե կրկնակի բարձրացվում են նախարարների, մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ապա էլ ինչպե՞ս պետք է քաղաքացիները գնահատեն կառավարության աշխատանքը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: