Բաժիններ՝

Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ. սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել ԱՄՆ-ից

Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար: Այդ մասին հայտնել է TVNZ հեռուստաալիքը:

Օքլենդ քաղաքի Մանուկաու օկրուգի առողջապահության վարչության պետ Փիթեր Ուոթսոնի խոսքով՝ դոնորական մաշկը, որն ստացվում է այլ երկրներից, արդեն ուղարկել են ավստրալական Վիկտորիա նահանգի դոնորական հյուսվածքների բանկ եւ Սիդնեյ քաղաքի օրգանների եւ հյուսվածքների դոնորական ծառայություն: Ավստրալիան տուժածների հետագա փոխպատվաստման համար հանձնել է արդեն 20 հազար քառակուսի սանտիմետր հյուսվածք:

Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած Պլենտի ծոցի Ուայթ-Այլենդ նորզելանդական կղզում հրաբխի ժայթքումն սկսվել է դեկտեմբերի 9-ին: Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին դրա շրջակայքում եւ կղզում գտնվում էր 47 մարդ, որոնց թվում եղել են նորզելանդացիներ եւ զբոսաշրջիկներ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մալայզիայից:

Մեկ մարդ զոհվել է, եւս 38-ը տեղափոխվել են Վակատանի օկրուգի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից հինգը մահացել են: Կղզում մնացած ութ մարդու ճակատագիրն առաջվա պես անհայտ է: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին է: Նախորդ ժայթքումն արձանագրվել է 2012 թվականի վերջին – 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս