«Երևանից երբևէ չեն միջամտել Արցախի ընտրություններին». Արայիկ Հարությունյան

Արցախում մասնատվածություն չկա, նախագահի բոլոր թեկնածուների հետ ունենք ջերմ հարաբերություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արտահայտած մտքին, թե էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող Արցախի նախագահի թեկնածուների ներկա քանակը խոսում է ոչ թե ժողովրդավարության, այլ մասնատվածության մասին:

«Այդ խնդիրը չկա, սա ժողովրդավարության ապացույց է: Մրցակցային ընտրություններ են լինելու, և Ղարաբաղը շարունակելու է լինել միասնական: Որևէ մեկը չկասկածի Ղարաբաղի միասնականությանը»,- ընդգծեց նա՝ բացառելով ընտրակեղծիքները, ինչը չի եղել երբեք:

Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը պնդեց՝ Երևանից երբևէ չեն միջամտել Արցախի ընտրություններին:

Սրանից հետո Արցախի նախկին վարչապետը հայաստանյան որոշ լրատվամիջոցների մեղադրեց, թե փորձում են միջամտել Արցախի ներքաղաքական պայքարին՝ չտալով կոնկրետ անուններ:

«Լրատվությանը, որոշ ակտիվ քաղաքական գործիչների կխնդրեմ ավելի շատ լուսաբանել, այլ ոչ թե միջամտեն Արցախի ներքաղաքական պայքարին: Այսօր, ցավոք, այդ միջամտությունը տեսնում եմ: Պատվիրված հոդվածներ են հրապարակում հայաստանյան լրատվությունում՝ պառակտելու Արցախը»,- նշեց նա:

168.am-ն Արայիկ Հարությունյանին հիշեցրեց ՀՀ նոր և Արցախի գործող  իշխանությունների միջև ժամանակին առկա լարվածության, տարաձայնությունների, պաշտոնյաների միջև ֆեյսբուքյան «փոխհրաձգության», Արցախի հերոսների հետ կոնֆլիկտային իրավիճակների և ոչ կոռեկտ արտահայտությունների մասին, ինչն առավել վտանգավոր է, և հենց դա շատ ավելի պառակտող է: Այս հիշեցումներին Արցախի նախկին վարչապետի պատասխանը եղավ՝ տարաձայնություններ միշտ էլ լինելու են, ինչը բնական է:

Տեսանյութեր

Լրահոս