Բաժիններ՝

Իսրայելի Կնեսետն ինքնարձակման որոշում ընդունեց

Իսրայելի 22-րդ գումարման Կնեսետի (միապալատ խորհրդարան) պատգամավորներն ինքնալուծարման որոշում են ընդունել: Այդ մասին հայտնել է Կնեսետի հեռուստատեսային ալիքը:

Առայժմ օրինագծին հավանություն էտրվել նախնական ընթերցմամբ: «22-րդ գումարման Կնեսետի ինքնալուծարման մասին օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 50 ձայնի մեծամասնությամբ եւ առանց ձեռնպահների ու դեմ քվեարկածների: Օրինագծի համաձայն, 23-րդ գումարման Կնեսետի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի մարտի 2-ին»,-ասված է Իսրայելի խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

22-րդ գումարման Կնեսետը հակառեկորդ է սահմանել լիազորությունների ժամկետի տեւողությամբ. այն գոյություն է ունեցել երեք ամսից պակաս: Ինքնալուծարման մասին որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի ձեւավորման մանդատի լրանալուց մի քանի ժամ առաջ, որը խորհրդարանին տրամադրվել էր երկրի նախագահի կողմից:

Կառավարական կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել: Կնեսետի ամենախոշոր խմբակցության՝ «Կախոլ-Լավան»-ի ղեկավար Ավի Նիսենկոռնը հայտարարել է, որ խորհրդարանի ինքնալուծարումը պարտություն է համարում իշխանության ողջ օրենսդիր համակարգի համար: «Այսօր սիրտս ճմլվում է, կարծում եմ, մյուս պատգամավորներինը՝ նույնպես»,-ասել է նա:

«Մենք բոլորս կնախընտրեինք չհայտնվել նման իրավիճակում»,-իր հերթին հայտարարել է կոալիցիա կազմելու շուրջ կառավարող «Լիկուդ» կուսակցության՝ բանակցային խմբի ղեկավար պատգամավոր Յարիվ Լեւինը: 22-րդ գումարման Կնեսետի ընտրություններից հետո նախարարների կաբինետի ձեւավորման մանդատը նախագահ Ռեուվեն Ռիվլինի ձեռքից հաջորդաբար ստացել են երկու խոշորագույն խմբակցությունների ղեկավարները՝ «Լիկուդ» կառավարող կուսակցության նախագահ Բենիամին Նաթանյահուն եւ «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցը: Նրանցից ոչ ոք չկարողացավ հասնել խորհրդարանական մեծամասնության անհրաժեշտ աջակցության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս