«Տնտեսության խոչընդոտներից մեկը դատական համակարգն է». Բաբկեն Թունյան
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչըդոտներից մեկը եղել է դատական համակարգը, և այդ խնդիրը չպետք է թերագնահատել:
«Այս իրողությունն արձանագրվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձագետների կողմից։ Թերագնահատել այս խնդրի կարևորությունը՝ ճիշտ չէ, նաև չի կարելի այնպիսի տպավորություն ստեղծել, թե մեր քաղաքացիներին հետաքրքրում են միայն սոցիալական խնդիրները, քանի որ մեր քաղաքացիները շատ լավ պատկերացնում են, թե խնդրի արմատը որտեղ է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, որն այսօր ընդունվեց բացառապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվեարկության արդյունքում:
Հարցին՝ հարկատուների հաշվին պե՞տք է ՍԴ դատավորները վաղաժամ թոշակի անցնեն, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Համաձայն եմ, որ 600 մլն-ը քիչ գումար չէ։ Բարձր գին է, սակայն ստիպված են վճարել, քանի որ շատ ժամանակ է անցել, ու այդ գինը գնալով բարձրացել է, տոկոսներով մնացել է մեր ուսերին։ Եթե մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է անցնցում լուծվի, ապա պետք է լուծվի։ Կարծում եմ՝ երկրի ապագայի համար սա այդքան էլ մեծ գումար չէ։ Հնչեց նաև, թե սա տարեկան է, բայց ասեմ, որ սա տարեկան գումար չէ, այլ ընդհանուր ծախսն է, այն էլ՝ այն դեպքում, եթե բոլոր դատավորները համաձայնեն այս տարբերակով գնալ»: