Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի բանակի նկատմամբ
Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատում հայկական բանակի աշխատանքը:
Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման ընթացքում մասնակիցների ճնշող մեծամասնությունը դրական վերաբերմունք է արտահայտել բանակի նկատմամբ: Բանակին հաջորդում են ՀՀ նախագահի աշխատակազմը և վարչապետի աշխատակազմը:
Հարցման մասնակիցների 91 տոկոսը դրական է արտահայտվել բանակի նկատմամբ, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:
ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 82 տոկոսը, 15 տոկոսը՝ բացասական, 3 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:
ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 76 տոկոսը, 22 տոկոսը բացասական է գնահատել, 1 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:
Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել հարցվածների 74 տոկոսը, 21 տոկոսը բացասական է արտահայտվել, 5 տոկոսը նշել է, որ պատասխան չունի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը դրական է գնահատել հարցման մասնակիցների 63 տոկոսը, 24 տոկոսը բացասական, 13 տոկոսը նշել է «պատասխան չունեմ» տարբերակը:
Հարցվածների 63 տոկոսը դրական են գնահատել Ազգային ժողովի և կառավարության աշխատանքը: 34 տոկոսը բացասական է գնահատել կառավարության աշխատանքը, 35 տոկոսը՝ խորհրդարանի աշխատանքը:
Հարցման մասնակիցների մեծ մասը բացասական գնահատական է տվել դատախազության և դատարանների աշխատանքին: Դատախազության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 38 տոկոսը, բացասական՝ 55 տոկոսը: Դատարանների աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 36 տոկոսը՝ բացասական՝ 57 տոկոսը:
Հարցվածների մեծամասնությունը բացասական վերաբերմունք է արտահայտել նաև քաղաքական կուսակցությունների նկատմամբ. 42 տոկոսը քաղաքական կուսակցությունների նկատմամբ դրական վերաբերմունք է արտահայտել, 52 տոկոսը՝ բացասական: