Այնուամենայնիվ, Շեկո մականունով գյումրեցի գործարարի քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է
Երեկ 168.am-ն անդրադարձել էր նախօրեին Գյումրիում ձերբակալված երիտասարդ գործարար, Շեկո մականունով հայտնի Գարիկ Ուզունյանի ձերբակալության դեպքին:
Մենք զրուցել էինք ձերբակալության պահին Գարիկ Ուզունյանի հետ եղած Կարապետ Պողոսյանի, ձերբակալված գործարարի փաստաբան Արտակ Մովսիսյանի հետ, գործի վերաբերյալ տեղեկատվություն էինք ստացել տարբեր գերատեսչություններից:
ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Գարիկ Ուզունյանը ձերբակալված է. մեղադրանք դեռ առաջադրված չէ:
Երեկոյան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանն ասել է, որ Գարիկ Ուզունյանը ձերբակալված է. մեղադրանք դեռ առաջադրված չէ:
Այստեղ կա խնդիր, Նաիրա Հարությունյանը չէր կարող այս հարցին պատասխանել, որովհետև գործը քննչական կոմիտեի վարույթում չի, իսկ ինչու ՔԿ վարույթում չի, այստեղ էլ կան հարցեր…»:
Ուշ երեկոյան կապ հաստատեեցինք ՔԿ մամլո խոսնակի հետ, ով շեշտեց՝ գործն իրենց վարույթում է:
Կարապետ Պողոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում կրկին պնդեց իր տեսակետը՝ հորդորելով զրուցել Գարիկ Ուզունյանի փաստաբանի հետ:
Վերջինս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այն ժամին, որ ժամին մենք այդ տեղեկատվությունը ՔԿ-ից ստացել էինք, չէր կարող գործը լինել այնտեղ, որովհետև մեր հրապարակումը եղել է ժամը 14:53-ին, իսկ ինքը երեկոյան մինչև ժամը 18:00-ն Ոստիկանության Մուշի բաժնի ավագ հետաքննիչի հետ մասնակցել է դատավարական գործողությունների, այսինքն՝ երեկոյան մինչև ժամը 18:00-ն գործը դեռ ՔԿ-ին փոխանցված չի եղել:
«Երբ քրեական գործ է հարուցվում, սկսվում է նախաքննական փուլը, որի լիազորությունները Քննչական կոմիտեինն են, հետևաբար՝ ՔԿ-ն լիազորված է խոսել գործից: Իսկ ոստիկանությունը հետաքննական մարմին է և լիազորված չէ նախաքննություն իրականացնելու»,- օրենքի պահանջը մեզ ներկայացրին Քննչական կոմիտեից:
Փաստացի գործն այս պահին, այնուամենայնիվ, Քննչական կոմիտեի վարույթում է: