«Վստահաբար ասում եմ, որ մինչև Գարիկի՝ Գյումրի վերադառնալն ու ձերբակալվելը, այդ գործը՝ թխած, կարած, նկարած, դրված է եղել մարդկանց առաջ». Կարապետ Պողոսյանը՝ գյումրեցի գործարարի ձերբակալության մասին
Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում բերման է ենթարկվել քաղաքում հայտնի երիտասարդ գործարար Գարիկ Ուզունյանը: Ոստիկանությունը տեսանյութ տարածեց այն մասին, թե ինչպես են Գյումրիում բերման ենթարկում Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդուն: Նրան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան հրապարակման հիման վրա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։ Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը…
Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։
Իրեն երևի չբավարարված զգալով՝ այսօր գիշերը ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե՝ գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու…
Բնականաբար այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում։
Բայց ի լրումն սրա՝ ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս ցավոք թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»:
168.am-ը զրուցեց պատգամավորի գրառման մեջ հիշատակված մյուս անձի՝ «Կարո անունով մյուսի» հետ. նա իրականում գյումրեցի Կարապետ Պողոսյանն է, ձերբակալված Գարիկ Ուզունյանի ընկերը, ով նաև ներկա է եղել ընկերոջը բերման ենթարկելու պրոցեսին:
Կարապետ Պողոսյանը կտրականապես հերքեց այն ամենը, ինչ գրված է պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Պսակը մենք չէինք կարող դնել, որովհետև ցանկացած գործող և նախկին նախագահ ունի իր գրասենյակն ու իր արարողակարգը, և դա նրանց գործն է: Իրեն (պատգամավոր Կարեն Սարուխանյանին:- Գ.Ս.) տեսնելու իմաստ չի եղել, և ես դա բացառում եմ: Ընդամենը եղել է կոնկրետ երկու անձանց՝ Գարիկ Ուզունյանի և պատգամավորի ընկերոջ միջև կենցաղային հողի վրա կոնֆլիկտ, վեճ, գուցե քաշքշոց»,- միջադեպի իր տարբերակը ներկայացրեց Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ նշված անձը բավականին երկար ժամանակ նաև Գարիկ Ուզունյանի հետ է ընկերական հարաբերությունների մեջ եղել:
Նա շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Գարիկ Ուզունյանը, ո՛չ էլ որևէ այլ գյումրեցի չէր կարող կապ ունենալ:
Կարապետ Պողոսյանը նշում է, որ ինքն ու Գարիկ Ուզունյանը գտնվել են Երևանում, իրենց զանգել ասել են, որ էսպիսի գրառումներ կան կատարված, իրենց հետ նաև կապ են հաստատել Ոստիկանությունից:
«Ոստիկանությանը հայտնել ենք, որ անպայման Գյումրի ենք վերադառնալու հենց նույն օրը, և վերադառնալուն պես, առաջին բանը, որ պետք է անենք, կգանք, կներկայանանք Ոստիկանություն: Դա և՛ ես եմ հավաստիացրել հեռախոսով, և՛ Գարիկ Ուզունյանը»,- նշեց Կարապետ Պողոսյանը:
Վերջինս, սակայն, պնդում է, որ Գյումրի մտնելիս՝ հենց քաղաքի մատույցներում, իրենց մեքենան կանգնեցրել է ճանապարհային ոստիկանը՝ պահանջելով փաստաթղթեր, և մինչև ինքը դրանք ներկայացնում էր, Ոստիկանությունը քաղաքացիական հագուստներով և առանց ներկայանալու՝ մեքենայի միջից պարզապես «գողացան» Գարիկ Ուզունյանին, տեսախցիկներով «ասֆալտին ծեփելու» գործողություն կատարեցին:
«Բերեցին, թատերական բեմականացմամբ, շոուով իջեցրին մեքենայից: Ականատեսների պատմելով՝ 2-3 տեսախցիկներով տարբեր կողմերից նկարելով՝ բերեցին, մտցրին Ոստիկանության Մուշի բաժին: Մինչ հետաքննիչի մակարդակով Գարիկի նկատմամբ կատարվում էին որոշակի գործողություններ, որովհետև այդ պահին քննիչ չի եղել, քրեական գործ, որպես այդպիսին, հարուցված չի եղել, գիշերը ժամը 23:55-ին ես hraparak.am-ով տեսա, որ ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն է տվել, որ Գարիկ Ուզունյանին ձերբակալել են: Մինչդեռ զավեշտալին այն է, որ Գարիկին այդ պաշտոնական տեղեկատվությունից 15 րոպե հետո, այսինքն՝ 12:10-ին, նոր որոշում է կայացվել ձերբակալելու»,- նկատեց Կարապետ Պողոսյանը՝ շեշտելով, որ, փաստորեն, մինչ այդ է տեսանյութը պատրաստվել, ու դրանից հետո է նա ձերբակալվել:
Մեր հարցին, թե ինչո՞ւ են, ըստ իրեն, այս գործողություններն արվել Գարիկի դեմ, եթե ինքը պնդում է, որ պատգամավորի ասածներն իրականության հետ աղերս չունեն, Կարապետ Պողոսյանը հարցով պատասխանեց.
«Ինչի՞ 3 ամիս առաջ արվեց այն, ինչ արվեց: Ինչո՞ւ ոստիկանները որևէ ձևով չպատժվեցին, գնահատական չտրվեց նրանց գործողություններին: Պատասխանը կարող է լինել մեկը: Եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, սեփական սկզբունքներ ու պայքարում են դրանց համար, իրենց վրա չունեն կոմպրոմատներ, որ իրենց նկատմամբ ինչ-որ ճնշումներ գործադրվեն, բնականաբար, գնում են այսպիսի ապօրինի և ցուցադրական գործողությունների»:
Հիշեցնենք, որ շուրջ 3 ամիս առաջ համացանցում գյումրեցի օգտատեր, մեր այսօրվա զրուցակից, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կողմից հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ մի խումբ ոստիկաններ մտնում են գործարար Գարիկ Ուզունյանի՝ Շեկոյի խանութ, հարցնում սեփականատիրոջը, թե որտեղ է նա, այնուհետ քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով՝ դուրս հանում վաճառողին։ Տեսանյութերից մեկում հնչում է վաճառողի ձայնը, որը խնդրում է գոնե իրեն թույլ տալ շոր ու կոշիկ հագնել։
Կարապետ Պողոսյանին հարցրինք նաև, թե արդյո՞ք ինքը նկատի ունի այն, որ Գարիկ Ուզունյանը վարչապետի համակիրներից չէ, և դրա համար է նրա նկատմամբ այդ ամենն իրականացվում:
«Գարիկ Ուզունյանն ամբողջովին ընդդիմադիր է, ունի իր հստակ քաղաքական դիրքորոշումը: Ինքը շատ ակտիվ ու շատ հարգված մարդ է»,- ասաց Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ ոստիկանների՝ խանութ ներխուժելը նույնպես այս շղթայի տրամաբանության մեջ է, որովհետև եթե ներխուժում են խանութ, և չի տրվում որևէ իրավական գնահատական, իրենք այլ բան մտածել չեն կարող:
Նա նշում է նաև, որ «ասֆալտին փռելու»՝ ոստիկանության իրականացրած օպերացիան, այն դեպքում, երբ Գարիկ Ուզունյանն ասել էր, որ Երևանից վերադառնում է ու անմիջապես կներկայանա ոստիկանություն, նաև նպատակ ուներ ցույց տալ, որ՝ «տեսեք, ոչ թե ինքը ներկայացավ, այլ մենք նրան բերման ենթարկեցինք»:
«Վստահաբար ասում եմ, որ մինչև Գարիկի՝ Գյումրի վերադառնալն ու ձերբակալվելը, այդ գործը՝ թխած, կարած, նկարած, դրված է եղել մարդկանց առաջ»,- պնդեց Կարապետ Պողոսյանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իր նշած կենցաղային միջադեպը կարող էր սադրանք լինել, Կարապետ Պողոսյանը պատասխանեց, որ չի բացառում:
«Այո, չի բացառվում, որ սա նաև սադրանք է: Դա արդեն նախաքննությունը ցույց կտա»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրին, որ այս գործով նոր բան չկա: Հրապարակված է տեսանյութ. Այդքանը:
ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Գարիկ Ուզունյանը ձերբակալված է. մեղադրանք դեռ առաջադրված չէ:
168.am-ը կապ հաստատեց նաև Գարիկ Ուզունյանի պաշտպան Արտակ Մովսիսյանի հետ՝ տեղեկանալու համար, թե արդյո՞ք իրենք բողոքարկելու են իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը:
«Այսօր այդ հարցը քննարկելու եմ իմ պաշտպանյալի հետ, և դրա արդյունքում կորոշենք՝ բողոքարկելո՞ւ ենք թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, կբողոքարկենք»,- ասաց Գարիկ Ուզունյանի պաշտպանը: