«Այսօր ինչ խոսում ենք, ասում են՝ մանիպուլյացիա եք անում, այդ բառը սարքել են Տերունական աղոթքի նման բան». Գևորգ Պետրոսյանը՝ իշխանություններին
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով, եթե իրենք դեմ են քվեարկել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին, դա չի նշանակում, որ պաշտպանում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները:
«Ժամանակին մենք դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանին, մենք անձի խնդիր չենք դնում, այլ ցուցաբերում ենք ինստիտուցիոնալ մոտեցում: Իշխանությունն ինքն իրեն մատնում է՝ ասելով, որ այս նախագծով քաղաքական խնդիր են լուծում, դա ասել է Վահե Գրիգորյանը, նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մի երկրում, որտեղ Սահմանադրական դատարանը ձևավորվում է և վերահսկվում է քաղաքական անկյուններից՝ քաղաքական շարժառիթներով, ապա այդ երկիրը չի կարող բարեկեցիկ ներկա ունենալ, ոչ էլ՝ հուսալի ապագա: Մենք չենք պայքարում անձերի համար, այլ պայքարում ենք՝ հանուն սահմանադրականության»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին օրվա իշխանությունների կողմից հնչող քննադատություններին, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ-ն եղել է նախորդ իշխանությունների մեծ քննադատներից մեկը:
«Այսօր ինչ խոսում ենք, ասում են՝ մանիպուլյացիա եք անում, այդ բառը սարքել են Տերունական աղոթքի նման բան, որն ասում են առավոտից մինչև երեկո: Հիմա ընդդիմությունն ի՞նչ անի, չխոսի՞: Մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, քանի որ այդ կազմի ներկայությամբ հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսին է Ստամբուլյան կոնվենցիան և դրա նման շատ հարցեր: Դրա համար նրանք ցանկանում են ՍԴ-ն համալրել հեզ ու խոնարհ դատավորներով՝ իրենց ցանկությունները կատարելու համար: Վստահ եմ, որ այս ելույթից հետո «ֆեյքերը» սկսելու են ինձ հայհոյել, բայց դա ինձ այնքան է հուզում, որքան թռչնագրիպը կարող էր հուզել Մովսես Խորենացուն»,- շեշտեց նա:
Նա նաև հիշեցրեց իշխանություններին, որ նրանք նախորդներին քննադատում էին այն բանի համար, որ վերջիններս ամեն ինչ ծառայեցնում էին իրենց, այժմ իշխանությունները զբաղված են նույն բանով:
«Միակ անառիկ կղզյակը, որը մնացել է՝ ՍԴ-ն է, դա էլ քանդեն, այս երկրում այլևս որևէ մարմին չի մնա, որը հնազանդ չի իշխանություններին: Մեր ցանկությունն է, որպեսզի ՍԴ-ն լինի այն ինստիտուցիոնալ զսպաշապիկը, որը կմեղմի ու կկանխի իշխանությունների ոչ լեգիտիմ ցանկությունները»,- եզրափակեց պատգամավորը: