«Չեմ կարծում, որ մեր իշխանությունները Ֆրիտյոֆ Նանսենի մերօրյա հերոսներն են». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ տարօրինակ են իշխանության այն պնդումներ, որ, եթե ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի «ֆան ակումբի» անդամ չէ, ապա ինչպես է դա հիմնավորում:
«Հրայր Թովմասյանը և առհասարակ ՍԴ այլ դատավորներ չեն հանդիսանում մեր կուռքը, և մենք նրանց «ֆան ակումբի» անդամը չենք և այդ ամենը հաշվի առնելով՝ ԲՀԿ-ն պետք է կո՞ղմ քվեարկեր այն նախագծին, ըստ որի՝ նրանք, իրենց գործառույթները չիրականացնելու համար, մեծ գումար պետք է տրամադրեն դատավորներին և նրանց ուղարկեն վաղաժամ թոշակի»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա, մի կողմից՝ իշխանությունը ֆիքսում է, որ ՍԴ դատավորները հանրության վստահությունը չեն վայելում, չեն իրականացնում իրենց գործառույթները, բայց մյուս կողմից՝ առատաձեռն են և մեծ գումարներ են շռայլում նրանց՝ անգործության համար:
«Չեմ կարծում, որ մեր իշխանությունները Ֆրիտյոֆ Նանսենի մերօրյա հերոսներն են և բացառիկ մարդասիրությամբ են աչքի ընկնում: Բնականաբար, բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչու է այս նախագիծը կյանքի կոչվում: Առիթ ունեցել եմ ասելու, ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ սա պարզապես Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է, որն իշխանության մեծամասնության շնորհիվ ընդունվեց»,- հավելեց նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԲՀԿ-ի համար անընդունելի է, որ անգործության մատված ՍԴ դատավորներին նման «փառավոր» կերպով ուղարկեն վաղաժամ թոշակի. «Այս նախագիծն ընդամենը ՍԴ անցանկալի անդամներից ազատվելն է՝ հլու և հնազանդ անդամներով այն համալրելու համար»,- շեշտեց նա: