Բաժիններ՝

ԱԱՏՄ-ի առաջարկով կդիտարկվի ՌԴ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության միասնական մեխանիզմի հարցը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների եւ Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (RALI) գլխավոր համաժողովին: Ինչպես տեղեկացրեցին տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, հանդիպման շրջանակներում ներկայացվել են դաշինքի անդամ երկրների աշխատանքի տեսչական համակարգերում վերջին փոփոխությունները և աշխատանքի անվտանգության ապահովման բնագավառում ձեռքբերումները:

Համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նախ ներկայացրել է օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով հայաստանյան տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվում են, ապա անդրադարձ է կատարել այն ընդհանուր խնդիրներին, որոնք պահանջում են համակարգված մոտեցում դաշինքի անդամ երկրների կողմից։

«Որպես առաջարկ՝ ես կցանկանայի խորհուրդ տալ RALI-ի շրջանակներում դիտարկել աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմի ներդրման հարցը»,-ընդգծել է Հակոբ Ավագյանը։ Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում աշխատող ինչպես ՀՀ, այնպես էլ RALI անդամ երկրների հազարավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները ոտնահարվում են շատ հաճախ, բայց նրանց զգալի մասը չգիտի՝ ում եւ ինչպես դիմել իրենց խնդիրների մասին հայտարարություններով կամ չի հավատում, որ դրանք ուշադրության կառնվեն։

«Այս և նման դեպքերի համար մենք առաջարկում ենք քննարկել բողոքների ընդունման ընդհանուր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։ Թեև մենք ՌԴ-ում նման լիազորություն չունենք, բայց կարող ենք ընդունել դիմումներ եւ դրանք վերահասցեագրել ՌԴ մեր գործընկերներին»,-մանրամասնել է Հակոբ Ավագյանը։

Ռուսական կողմը համաձայնել է Հակոբ Ավագյանի առաջարկը ներառել RALI-ի 2020թ․ գործողությունների մեջ և միասնական առաջարկ ներկայացնել ԱՊՀ երկրների ղեկավարներին։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը նաեւ առաջարկել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի 2021 թվականի համաժողովն անցկացնել Հայաստանում։

Համաժողովի շրջանակներում դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները մասնակցել են նաև աշխատանքի պաշտպանությանը և անվտանգությանը նվիրված Միջազգային մասնագիտացված 23-րդ ցուցահանդեսին, որի շրջանակներում տեղի են ունեցել կազմակերպություններում վերահսկողության ընթացքում տարբեր ռիսկերի վերաբերյալ պանելային քննարկումներ: Հակոբ Ավագյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության բյուրոյի փոխտնօրեն Ալ-Խալդի Խոլուդի եւ մյուս երկրների իր գործընկերների հետ քննարկել է համատեղ գործակցությանն առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս