Բաժիններ՝

Սիդնեյում օդի որակի մակարդակը բազմակի գերազանցել է կրիտիկական նշագիծը

Սիդնեյում օդի որակի մակարդակը հատել է կրիտիկական նշագիծը՝ տեղ-տեղ «կյանքի համար վտանգավոր» ցուցանիշը գերազանցելով 11 անգամ: Այդ մասին հայտնել է SBS հեռուստաալիքը: Սիդնեյը եւ նրա արվարձանները դեկտեմբերի 10-ին թանձր ծխամշուշով են պատվել անտառային հրդեհներից, որոնք մոլեգնում են Նոր Հարավային Ուելսի նահանգում. ամբողջ քաղաքում հնչում են հրդեհի տագնապի ազդանշանները:

Մի շարք գրասենյակային շենքեր տարհանվել են ծխամշուշի պատճառով, այդ թվում՝ գյուղական հրշեջ ծառայության կենտրոնակայանը եւ Sydney Morning Herald թերթի գրասենյակը:

Իշխանությունները հարկադրված են եղել քաղաքում չեղարկել սպորտային միջոցառումները եւ վատ տեսանելիության պատճառով դադարեցնել լաստանավային հաղորդակցությունը Պորտ-Ջեքսոն ծոցում: «Խիստ թանձր ծուխը՝ բարձր ջերմաստիճանների համակցությամբ… պոտենցիալ վտանգավոր պայմաններ է ստեղծում առողջության համար:

Շոգ եղանակը եւ պոռթկուն քամին նաեւ մեծացնում են բռնկման վտանգը»,- Twitter-ում հայտնում է նահանգի օդերեւութաբանական բյուրոն: Հրդեհներն Ավստրալիայում նոր ուժով բորբոքվեցին նոյեմբերի սկզբին: Բնակչության շրջանում կան զոհեր: Կրակը ոչնչացրել է արդեն մեկ միլիոն հեկտարից ավելի անտառներ, այդ թվում՝ կոալաների բնակության վայրերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս